Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը համարում է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, և դրա համար կա երեք պատճառ: «ՌԴ-ն շարունակում է լինել նեոկայսերական երկիր և դիտարկում է Հայաստանը որպես սեփական տարածք, ոչ թե որպես անկախ երկիր։ Երկրորդ՝ Հայաստանը առկա սանկցիոն ռեժիմում այն փոքր պատուհանն է, որը թույլ է տալիս խուսափել կամ շրջանցել պատժամիջոցները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու է պաշտոնական Մոսկվան շարունակում նյարդային արձագանքել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը։
Ըստ Ստեփանյանի՝ նման արձագանքների պատճառը նաև այն է, որ Ռուսաստանը չունի գործընկերներ ու չի ցանկանում կորցնել նաև Հայաստանը. «Ռուսաստանն այս պահին ունի Բելառուս, որի ղեկավարը Պուտինի անձնական պադլեց Լուկաշենկոն է, և նա այնքան ժամանակ է լինելու դաշնակից, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության ղեկին է։ Այլ դաշնակիցներ Ռուսաստանը չունի»։
Մեր զրուցակիցը նշում է, որ այժմ Հայաստանն ու մի քանի այլ երկրներ են, որոնք տարբեր պատճառներով Ռուսաստանի հետ համագործակցում են. «Նրանք չեն ուզում Հայաստանը կորցնել, որովհետև այս երեք պատճառների համատեքստում Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար»։
Դավիթ Ստեփանյանը համարում է, որ այժմ կա ռեալ հնարավորություն դառնալու Եվրամիության անդամ, և դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։
Խոսելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 33-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարության մասին առ այն, որ դրսի ուժերը փորձեր են անում խարխլել երկկողմ հարաբերությունները, քաղաքագետն ասաց. «Կա մեկ ուժ, որը խարխլում է ռուս-հայկական դաշինքը, և դա Ռուսաստանն է։ Մնացած ուժերը միայն օգտվում են»։
Ըստ մեր զրուցակցի՝ «Ռուսաստանն արել է ամեն բան, որ Հայաստանը պարտվի 44-օրյա պատերազմում, զինել է Ադրբեջանին, ստեղծել դիսբալանս Հայաստանին ու Ադրբեջանի միջև, պլանավորել ու իրագործել 44-օրյա պատերազմը թուրքական Գենշտաբի հետ, փաթաթել մեր վզին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մասնակցել Արցախի էթնիկ զտմանը, չի կատարել իր պարտավորությունները որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
469 դիտում , 2 դիտում այսօր