Բաքվին խաղաղություն պետք չէ, նա փորձում է գործընթացը ձգձգել. Դավիթ Ստեփանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

«Չեմ կարծում, որ հավանական է, որ հայկական կողմն այդ նախապայմանները կկատարի: Պատճառներն ակնհայտ են. Երևանը չի ստեղծել Մինսկի խումբը, որպեսզի այն լուծարի, և եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մղձավանջային երազ տեսնի և որոշի փոխել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի հրամանով, այդ գործընթացը պետք է լինի հանրաքվեի միջոցով: Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ ողջամիտ մարդ, որը կարող է գնալ և այդպիսի փոփոխություններին այո ասել: Սա շատ լավ հասկանում է և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը, եթե նա դա հասկանում է և համառորեն շարունակում է նույն թեզը հնչեցնել, դա նշանակում է մեկ բան՝ Ալիևը չի ցանկանում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրի հղումը, ինչպես նաև պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ստեփանյանի կարծիքով՝ Ալիևը կարող է հրաժարվել այս պահանջներից երկու դեպքում. «Մեկը` մեր ներքին կարողություններն են, եթե հայկական բանակն ի վիճակի լինի ադրբեջանական ագրեսիայի դեպքում այնպիսի պաշտպանություն կազմակերպել, որ Ալիևի ատամները ջարդվեն և ինքն այնպիսի կորուստներ ունենա, որոնք հետագա հաղթանակի հնարավորությունն իրականության հետ կդարձնի անհամատեղելի: Երկրորդ սցենարը, եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխվի: Մենք տեսնում ենք, որ շատ լուրջ գործընթացներ են գնում և՛ Իրանի շուրջ, և՛ Թրամփի ԱՄՆ-ն է ակտիվացել, իրավիճակը շատ անկայուն է, ամեն ինչ կարող է փոխվել հաշված օրերի ընթացքում և այդ դեպքում Ալիևն էլ իհարկե, իր դիրքորոշումը կփոխի»:

Ստեղծված իրավիճակում՝ ըստ քաղաքագետի, կա երեք սցենար. «Մեկը, որ կնքվում է խաղաղություն, երկրորդը՝ լինում է պատերազմ և երրորդը, որ այս իրավիճակը երկար նման կերպ մնալու է: Ես տեսնում եմ ամենամեծ հավանականութունը, որ այս անորոշ վիճակը շարունակվելու է՝ բանակցություններ, սահմանազատման գործընթաց, ալիևյան հոխորտանք, այս պահին ամենահավանական սցենարը սա է, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն: Եթե վաղն ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեն Իրանի վրա և այնտեղ սկսվեն շատ լուրջ ներքին խնդիրներ, սկսվի ապստամբություն և փախստականներ վազեն Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ, պատերազմը կարող է հաշված օրերի ընթացքում սկսվել: Այս իրավիճակում, որն այսօր ունենք, դա կարող է երկար ժամանակ տևել»:

Մեր այն հարցին, թե ինչու Բաքուն ակտիվացավ հատկապես այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը՝ Ստեփանյանն ասաց. «Տեսան, որ խաղաղությանը մոտ են, դրա համար էլ ակտիվացան, որովհետև իրենց խաղաղությունը պետք չէ: Իրենք մեզնից առաջ ընկան, Բայրամովը միանգամից հայտարարեց, որ այսպիսի հայտարարություն կա ու միանգամից ասաց, որ երկու նախապայմաններ ունեն, եթե հայկական կողմն անի, նոր կստորագրեն: Նիկոլ Փաշինյանը բոլորին հայտարարել է, որ մենք Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունենք, դրա համար էլ Ադրբեջանը միանգամից ակտիվացավ ու ասաց՝ ոչ, խնդիրներ կան: Եթե վաղը տեղի ունենա անհավանական սցենար և մեր ժողովուրդը գնա ու այո ասի այդպիսի սահմանադրական փոփոխություններին, Ալիևը միանգամից ինչ-որ նոր նախապայման կառաջարկի: Իրեն այս աշխարհաքաղաքական վիճակում խաղաղություն պետք չէ, ինքը սպասում է, որ զարգացումներ լինեն, որոնք իրեն թույլ կտան նոր պատերազմ հրահրել և ստանալ ավելին»:

Ստեփանյանը նաև ընդգծեց, որ խնդիրն ամենևին ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չէ. «Ալիևին պետք չի, որ Հայաստանը Սահմանադրություն փոխի, ընդհանուր փաթեթում իրենք այդ երկու դրույթը կողջունեն, բայց այնպես չի, որ այստեղ Հայաստանի Սահմանադրությունն է խնդիրը: Չի կարող լինել, որ Ալիևը պատերազմով ստիպի մեզ փոխել Սահմանադրությունը, Ալիևը ձգտում է պատերազմի միջոցով Հայաստանին ենթարկել կապիտուլյացիայի, իսկ միայն Սահմանադրության փոփոխումը կապիտուլյացիա չէ: Այս ամենով Ադրբեջանը փորձում է գործընթացը ձգձգել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ