Գյումրիում բավական հետաքրքիր հետընտրական իրավիճակ է ստեղծվել։ Ընդդիմադիր դաշտի մի հատվածը ոգևորված պնդում է, որ «միասնական» ընդդիմությունը ձայների ընդհանուր քանակով հաղթել է իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բավական ամուր հիմք ունեցող տեսակետ է։ Սակայն խորքային առումով այն ուղղակի անհիմն է, եթե չասենք ուղղակի զավեշտ է։
Ինչ է նշանակում միասնական ընդդիմություն։ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին գործող իշխանությունը և ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների դրածոները (բացի Եվրադաշինքից, որը չեզոք դաշտում էր խաղում)։
Բոլորն են հիշում, որ մինչև Գյումրու ավագանու ընտրությունը բավական սուր բանավեճ էր սկսվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ֆան ակումբենրի» միջև։ Բանավեճն այնքան սուր էր, որ որոշ գործիչներ միմյանց հասցեին ամենավերջին խոսքերն ու բառերն էին շաղ տալիս։
Որն է այս ամբողջ պատմության զավեշտը։ Եթե մինչև ընտրությունը քոչարյանականներն ու սերժականները ամենավերջին բառերով միմյանց մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին այսպես ասած իշխանության բերելու համար, ապա հետընտրական շրջանում այդ նույն թիմերը սկսել են քննարկել, թե ում թեկնածուն է ավելի կրիմինալ՝ Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ Մարտուն Գրիգորյանը։ Պատկերացնում եք զավեշտն ուր է հասել՝ քննարկում են ոչ թե ով է ավելի լավ կառավարիչ, ով է ավելի լավ քաղաքական և հանրային գործիչ, այլ ով է ավելի կրիմինալ։
Բայց այս ծիծաղաշարժ դիսկուրսում մի գովելի կողմ այդուամենայնիվ կա։ Փաստացի երկու կողմն էլ ընդունում է, որ իրենց պաշտպանած թեկնածուները կրիմինալ են, հարցը նրանում է՝ թե ով է ավելի շատ ու ավելի քիչ կրիմինալ։
Քոչարյանականները ամենավերջին բառերով մեղադրում են Մարտուն Գրիգորյանին՝ Վարդան Ղուկասյանին առայժմ չմիանալու համար, իսկ սերժականներն էլ՝ Մարտուն Գրիգորյանին առայժմ թույլ չեն տալիս ինքնագլուխ որոշումներ կայացնել։ Նրանք չեն կարողանում ներել Վարդան Ղուկասյանին, որը նույնիսկ քարոզարշավի ժամանակ բացահայտ մեղադրում էր Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանին այսպես ասած իշխանության բերելու համար։
Փաստացի Գյումրիի քաղաքապետի հարցը լուծվում է մայրաքաղաքում, իսկ ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներում, որոնք իրենց քաղաքական ամբիցիաների և անձնական հաշիվների պատճառով հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը կարող են երկար ժամանակ պահել քաղաքական ճգնաժամի մեջ։