Չինաստանի պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այս հարցի շուրջ հայտնված հայտարարությունները կեղծ են և անարժանահավատ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
Մին Չենը հաստատել է, որ չինական պատվիրակությունը իսկապես մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Չինաստան. ռազմավարական գործընկերություն, համախմբում և համագործակցության առաջմղում Գլոբալ հարավում» համաժողովին։ Միջոցառման շրջանակներում քննարկվել են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում դրա ակտիվ զարգացմանն առնչվող հարցեր։
«Պեկինը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի դիրքորոշմանը: Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են, և մենք կարծում ենք, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի կողմից առաջ մղվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը կոչված է նպաստելու խաղաղության ու զարգացման ամրապնդմանը։ Պեկինը, վստահեցրել է Մին Չենը, հարգում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ընտրությունը և չի միջամտում ներքին գործերին։ Նա նաև նշել է, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակումներ էին տարածել, որոնցում պնդում էին, թե Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած համաժողովում իբր հայտարարել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման ռազմավարական կարևորության մասին։