Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրուցել ենք մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ընտրությունների և Գյումրիում սպասվող զարգացումների մասին։
«Ընդհանուր առմամբ արդյունքները սպասելի էին, սպասելի էր, որ Գյումրիում իշխանության թեկնածուն առաջին հորիզոնականն է գրավելու, սպասելի էր, որ նա հնարավորություն չունի 51 տոկոս միանձնյա ձևավորելու, որոշ անակնկալներ եղան, իհարկե, այլ տեղերում հայտնված թեկնածուների մասով, բայց 2-րդ տեղի թեկնածուն էլ սպասելի էր, որ լինելու է Վարդան Ղուկասյանը։ Այնպես որ, ընդհանուր պատկերը, կարելի է ասել, հասկանալի է։ Մի փոքր այլ էր Փարաքարում. այնտեղ ենթադրվում էր, որ իշխանության թեկնածուն ավելին կհավաքի, բայց չստացվեց։ Պետք է նշել, որ գլոբալ առումով այն պատկերը, ինչ մենք ստացանք, համապատասխանում է հասարակության այսօրվա տրամադրություններին»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև այն մասին, թե ինչպիսի հայտարարություն կանի Գյումրու համայնքապետի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ևս մեկ թեկնածու՝ Մարտուն Գրիգորյանը, որին հանրությունը սպասում է արդեն երեք օր, քաղաքագետի գնահատմամբ՝ դեռ մի քանի օր էլ սպասելու են, որովհետև իմաստ չունի շտապել և շտապ որոշում կայացնել։ Կանոնակարգով նախատեսված ժամանակամիջոցը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կարողանան քաղաքական կոնսուլտացիաներ իրականացնել, և քաղաքական գործընթաց տեղի ունենա, որի արդյունքում կամ կոալիցիա կկազմվի, կամ չի կազմվի։
«Հասկանալի է, քանի որ այս դեպքում Մարտուն Գրիգորյանից և իր քաղաքական ուժից է կախված ամեն ինչ, նա հնարավորինս ավելի մեծ արժեք պետք է պահանջի իր ձայները տրամադրելու համար։ Արդեն հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ունենալու քաղաքապետ, բայց դա չի նշանակում, որ Մարտուն Գրիգորյանը բացառել է իր քաղաքական ուժի և իշխող քաղաքական ուժի միջև համագործակցությունը, որովհետև այդ համագործակցությունը կարող է լինել այնպիսին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետ չունենա։ Ես ակնարկում եմ, որ, օրինակ, ինքը՝ Մարտուն Գրիգորյանը դառնա քաղաքապետ»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
194 դիտում , 1 դիտում այսօր