Այսօր լրանում է 2016 թվականի «ապրիլյա քառօրյա» պատերազմի 9-րդ տարելիցը։ 2016 թվականի ապրիլյան քառօրյան, որի համեմատաբար պասիվ փուլը տևեց գրեթե մեկ ամիս, 2020 թվականի Արցախյան մեծ պատերազմի նախերգանքն էր։ Ադրբեջանը ապրիլյան պատերազմին ինտենսիվ պատրաստվում էր 2010-11 թվականներից սկսած։
Ադրբեջանը զինվում էր, զինվում էր գերժամանակակից զենքերով, զինվում էր Հայաստանի «բարեկամի» ձեռքով, իսկ Հայաստանում մարդկանց ընդամենը կերակրում էին «կիլդիմ» մուլտերով, հակառակորդին ներկայացնելով որպես ոչխար։
Ադրբեջանն ավելացնում էր զինանոցը, իսկ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ավելացնում էին սեփական դրամապանակների «զինանոցը»։ Այս հակասական իրավիճակի արդյունքը երկար սպասեցնել չտևեց։ Ադրբեջանական նորագույն զենքը սկսեց հուժկու կրակել 2016 թվականի ապրիլին։
Սերժ Սարգսյանն ու նրա թիմը այսօր ամպագորգոռ պատմություններ են պատմում այդ պատերազմի մասին, սակայն թաքցնում են իրականությունը, իսկ իրականությունն այն էր, որ քառօրյա պատերազմը չավարտվեց 2016 թվականի ապրիլի հինգին, այլ ընդամենը հետաձգվեց, հետաձգվեց, որպեսզի 4 տարի անց ավելի աղետալի ձևով թափվի Արցախի և Հայաստանի վրա։
Ճակատագրի հեգնանք է, թե զուգադիպություն, բայց քառօորյա պատերազմի հերթական տարելիցի նախօրեին հայտնի դարձավ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Մովսես Հակոբյանից բացի մեղադրյալի աթոռին է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
Ինչով է այս տեղեկությունը ուշագրավ։ Փաստացի հայազգի «պանծալի» գեներալները անպիտան զենքի գործարքը արել են 2016 թվականին, քառօրյա պատերազմից կամ առաջ, կամ գուցե դրանից հետո։ Իսկ մենք դեռ հիշում ենք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը «քառօրայի» հենց առաջին օրը, Բեռլինում հայտարարում․ «հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով»։
Թվում էր թե այս հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը և յուրային գեներալները պետք է ավելի զգոն լինեին, պետք է ավելի սրտացավ լինեին երկրի և բանակի հանդեպ, սակայն հակառակը, նրանք ՀՀ քաղաքացիների փողերը կրկին տվել են «ոխերիմ բարեկամին» և փոխարենը ստացել անպիտան ռազմական տեխնիկա։
Սերժ Սարգսյանն ու նրա գեներալները շարունակում են խոսել քառօրյա պատերազմի հաղթանակի մասին։ Հիմնականում իրենց վերագրելով հաղթանակի դափնիները։ Իրականում քառօրյան հաղթանակ էր շարքային զինվորների և սպաների համար, սակայն այն այդ օրվա իշխանության պարտությունն էր։
2016 թվականի «ապրիլյան» ատերազմը 4 օր անց կանգնեցվեց, բայց դեռ այն ժամանակ ու դրանից հետո ու մինչև այսօր էլ ոչ ոք հանրությանը չի բացատրել, թե ինչու և ինչ պայմաններով կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան։ Ինչ գին խոստացան Հայաստանի իշխանությունները, և ով պետք է վճարեր այդ գինը։