ՄԻՊ-ն ու պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, հանդիպել կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ: Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, առողջության պահպանման իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը, զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ