Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ


Գյումրիի ՏԻՄ ընտրությունների «ինտրիգը» ընդդիմադիր դաշտի ենթադրյալ համախմբումն ու, ինչպես ասում էր ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, ՔՊ-ին իշխանությունից զրկելու հարցն է։ Եթե, իհարկե, հաջողվի երկու այնպիսի «նյութերի» միաձուլումը, որոնք են ձեթն ու քացախը, այս դեպքում համապատասխանաբար Մարտուն Գրիգորյանն ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ճակատագրի հեգնանքով երբեմնի ախոյանները, եթե կուզեք՝ անհամատեղելիները, որոնք միմյանց դեմ պայքարում էին 2008-ին տեղի ունեցած Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, այսօր կանգնել են հետընտրական դժվար կացության առաջ, եւ մեկի որոշումից է կախված մյուսի լինելությունը։ Այսինքն, եթե Մարտուն Գրիգորյանն անսա Վարդան Ղուկասյանի հորդոր-թախանձանքին ու միանա վերջինիս, ապա Վարդան Ղուկասյանը, ըստ ամենայնի, կդառնա քաղաքապետ, ու սերժաքոչարյանական ուժերի կոնգլոմերատը կվերցնի իշխանությունը Գյումրիում։

Մինչեւ այս պահը, սակայն, Սերժ Սարգսյանի հովանու ներքո պատգամավոր աշխատող Գրիգորյանը չի հայտարարել իր որոշման մասին, փոխարենը ազդարարել է՝ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու։

Արձանագրենք, որ իր որոշման մասին հայտարարել հապաղող նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ԲՀԿ-ն լքեց Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի կողմից «քաղաքական չարիք» անվանվելուց եւ քաղաքականության էջը փակելուց հետո, 2017-ին ցույց էր տվել իր ընտրողին, որ թասիբ ու սկզբունքներ ունեցող գործիչ է։ Վարքագիծ, որն այսօր ակնկալում է մարտի 30-ին Գրիգորյանին ձայն տված գյումրեցին։

2017-ին, հիշեցնենք, երբ Գագիկ Ծառուկյանը իրեն «գրողի ծոցն» ուղարկած, ապաեւ հետ կանչած Սերժ Սարգսյանի հորդորով որոշեց նորից «զբաղվել պոլիտիկա»՝ մասնակցել ԱԺ ընտրություններին, ԲՀԿ ընտրական ցուցակում հայտնվեց նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը։

Մարտուն Գրիգորյանին, նկատենք, շատ էր ցնցել այս հանգամանքը՝ ստիպելով հրապարակավ հայտնել իր առարկությունը։

«Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Գյումրիի չկայացած քաղաքապետացուն ու նշել իր անելիքները:

«Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով՝ 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ անհանդուրժելի երեւույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգեւորված էր եւ ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչեւ վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը եւ գյումրեցիներին պարգեւեց հոգեբանորեն մաքրված քաղաք:

Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթեւ ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որեւէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ եւ գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի: Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը եւ ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա:

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, ես ընդունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը եւ ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում»,- ազդարարել էր Ծառուկյանի նախկին կուսակիցն ու, փաստորեն, «արտագաղթել» Սերժ Սարգսյանի թիմ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելով ՀՀԿ-ի «դրոշի» ներքո։

Իհարկե, Մարտուն Գրիգորյանին չհաջողվեց հաղթել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր ռեյտինգային թեկնածու, հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական։

Ի դեպ, 2012-ին էլ էին Վարդանիկի եւ Մարտունիկի (այդպես են նրանց կոչում Գյումրիում) հարաբերությունները լարվածության պիկի վրա։ Թիվ 34 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի ընտրարշավին «քիթը խոթել էր» այն ժամանակ դեռեւս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քարոզարշավի վերջին օրով կոշտ բնորոշումներ էր տվել, մեղադրել իրեն դավաճանելու եւ այլնի համար։

Գրիգորյանը, նկատենք, տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով քաղաքապետի պահվածքին, «բացել էր սիրտը»․ «Էդ մարդը որ տաքանում է, արդեն երեւակայությանը չափ ու սահման չկա, սկսում է ոգեւորվել ու էդ ոգեւորվելու տակ աշխարհի սուտը փորձում է փչել։ Էն, ինչ որ ասում է, կատարյալ խեղկատակություն է, ես ցավում եմ, որ ստիպված եմ ինձանից տարիքով մարդու համար էդպես արտահայտվել, քանի որ էդ մարդը, արդեն քաղաքական ցայտնոտի մեջ գտնվելով, սկսել է իրենից դուրս բաներ խոսել, ինձ հետ դա կապ չունի ու բացարձակ շանտաժ է»։

Ի դեպ, այդ հարցազրույցում Մարտուն Գրիգորյանը անդրադարձել էր նաեւ Ղուկասյանի այն պնդմանը, թե 2007-ին աջակցել է իրեն պատգամավոր ընտրվել, ապաեւ բացահայտում իրենց առճակատման պատճառները։

«Դա կատարյալ սուտ է։ Էդ ամեն ինչը պայմանավորված է 2003 թվականով, երբ որ մենք օգնեցինք, սատարեցինք, եւ ինքը դարձավ քաղաքապետ։ Ես ցավում եմ մեր էդ սխալի համար։ Դեռ էն ժամանակ ինքը մրցում էր ՀՀԿ-ական թեկնածուի հետ, ինքը էդ տարիներին մեզ խնդրել է, ոտ ու ձեռք է ընկել, որ պետության դեմ եմ պայքարում, ՀՀԿ-ի դեմ եմ պայքարում, խնդրում եմ սատարեք, թիկունք կանգնեք, չթողնենք էդ էրեւնցոց գան, Գյումրիում իրենց կամքը թելադրեն։ Ինքը ՀՀԿ-ի հետ կապված աշխարհի եղածն ասեց, մենք էլ գյումրեցու թասիբը, արժանապատվությունը որպես հասկացող մարդ, բնականաբար, էդ ժամանակ մենք հասկացանք։ Մենք էդ ժամանակ բիզնեսները ունեինք, մեր բիզնեսի գործընկերները ՀՀԿ-ականներ էին, մենք էդ ամեն ինչից անցանք, էդ ամեն ինչը նկատի ունեցանք, որ շատ բան կարող ենք կորցնել, դեմ գնացինք, սատարեցինք իրեն, դարձավ քաղաքապետ։

Էն ժամանակ ինքը գյումրեցու թասիբով, արժանապատվությունով, խոսքի տեր լինելով հանդերձ՝ ասաց, որ ամեն ինչ անելու է, որ 2007-ին ինձ սատարի, որ ես դառնամ պատգամավոր։ 2007-ին, բնականաբար, իր սովորության համաձայն, խաբեց, չաջակցեց մեզ, մեր դեմ է աշխատել։ Էդ ժամանակ մենք պայքարել ենք, հաղթել ենք ՀՀԿ-ական թեկնածուին էլ, մարզային նախագահին էլ, հենց քաղաքապետին էլ։

․․․Էն որ ասում է՝ խփված եմ եղել (նկատի ունի 2007-ին Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձը -խմբ․), եկան, դեմս դրեցին (ՀՀԿ-ականները -խմբ․), առաջին մարդը մենք ենք եղել մեր թիմով, երբ որ իմացել ենք էդ դեպքը իր հետ կատարվել է, մենք իր կողքին ենք եղել էդ նեղ պահին, առաջին պատարագը իմ կողմից է մատուցվել եկեղեցում։․․․Այսինքն՝ էն, ինչի մասին որ ասում է, կատարյալ ստի մասին է։ Նման բան գոյություն չունի, ուղղակի ցայտնոտի մեջ է, շատ բան է երեւի վերցրել իր վրա, էս ընտրություններին շատ բան է խոսք տվել, եւ էսօրվա մեր հզոր հավաքը տեսնելով ցայտնոտի մեջ է»։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանին ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «գահընկեց արեց» 2012-ին՝ հեռացնելով նախ կուսակցական աշխատանքից։ Այդ նպատակով Շիրակի մարզ էր գործուղվել Հովիկ Աբրահամյանը։ 2012-ի հուլիսի 21-ին Ղուկասյանը, որի «քաղաքական պատվանդանը» խարխլվել էր, հրաժարական տվեց (թե՞ ստիպեցին) ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից։ Ամիսներ անց, Կառավարության որոշմամբ, վաղաժամկետ (մեկ ամիս շուտ) դադարեցվեցին նաեւ քաղաքապետ Ղուկասյանի լիազորությունները: Նման որոշման հիմք էր հանդիսացել վերջինիս հրաժարականի դիմումը։ Այդ օրերին մամուլը գրում էր, որ Ղուկասյանին «արանքից հանելը» պետական էլիտայի ապաքրեականացման, մաքրման համատեքստում է։

Այսօր, փաստորեն, Մարտուն Գրիգորյանը միանալով նախկին քաղաքապետին, կողմ է լինելու Գյումրու քաղաքային իշխանության՝ այսպես ասած վերաքրեականացմանն ու վերակեղտոտմանը։

Նկատենք, որ վերոհիշյալ հարցազրույցը Գրիգորյանը տվել է ԳԱԼԱ-ին, որի թղթակից Դերենիկ Մալխասյանն այսօր «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամի թեկնածու է։ Դաշինքն այդ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին։ ԳԱԼԱ-ին, նկատենք, ժամանակին հետապնդում էր քաղաքապետը, ու ընդհուպ եթերազրկման փաստի առաջ էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ