Գյումրիում այդ երեք ուժերի շեֆերն են որոշում՝ ինչ պետք է անել

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ կարևոր է արձանագրել, որ Գյումրիում երբեք չեն եղել այս աստիճանի մրցակցային ընտրություններ: «Շատ տարբեր քաղաքական ուժեր ու խմբեր մասնակցում էին ընտրություններին, ունեին ընտրողներին ներկայանալու հավասար հնարավորություններ, և ընտրողներն էլ ունեին լիարժեք ազատություն՝ ընտրելու այդ ուժերից որևէ մեկին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հակադեմոկրատական ուժերն ու խմբերը փորձում են օգտագործել դեմոկրատական մեխանիզմները՝ իշխանության գալու համար. «Եթե նախկինում մենք դա տեսնում էինք հակադեմոկրատական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու ձևով, ապա այս ընտրություններին ականատես եղանք, թե ինչպես այդ հակադեմոկրատական ուժերն իբր դիտորդի անվան տակ անընդհատ կեղծիք էին տարածում այս ընտրությունների վերաբերյալ։ Խոսքը «Հայաքվե» կոչվող կազմակերպության մասին է, որն ընտրությունների ամբողջ օրը կեղծիք էր տարածում»։

Խոսելով այն մասին, թե ինչպես Վարդան Ղուկասյանին հաջողվեց 20 տոկոս ձայն հավաքել, քաղաքագետն ասաց. «Սա խոսում է այն մասին, որ Գյումրիում ամեն հինգերորդ քվեարկող կրում է այն արժեքները, որն ունի Վարդանիկը։ Հանրային բարոյականության տեսանկյունից՝ շատ խնդրահարույց արժեքային համակարգ ունեցող մարդիկ են»։

Հրայր Մանուկյանը նշեց՝ ընտրողների մի մասը չի հասկանում իր քվեարկության հետևանքները: «Քաղաքացին պետք է հասկանա, որ իր քվեարկությունն ուղիղ ազդելու է իր կյանքի որակի, իր քաղաքի բարօրության վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը չի համարում, որ ՔՊ-ն պարտվել է այս ընտրություններում։ Նա նշում է, որ դեմոկրատական ոչ մի երկրում քաղաքական ուժերը չեն հավաքում 50+1 տոկոս, և անհրաժեշտ է լինում կոալիցիոն կառավարություն. «Կոալիցիան վատ բան չէ, դա դեմոկրատական պրոցեսի անբաժանելի մաս է»։

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

85 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ