Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը, երբ տեսնի, որ ավելին ստանալ չի կարող. Ռոբերտ Ղևոնդյանն անդրադարձել է Բաքվի ապատեղեկատվություններին

«Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում միտված են նրան, որպեսզի թույլ չտա, որ խաղաղության համաձայնագրի շուրջ ստեղծված դրական մթնոլորտը շարունակություն ունենա, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այդ պատճառով իրեն թեկուզ առերևույթ ինչ-որ պատճառ է պետք, որով նա վիժեցնի ստորագրման գործընթացը: Բաքուն կրակոցների մասին է հայտարարում՝ աշխարհին ցույց տալու, որ դեռևս անկայուն է իրավիճակը, համաձայնությունները կյանքի չեն կոչվում, որ Հայաստանն է խախտում հրադադարի ռեժիմը և ստորագրման մասին խոսելը դեռ շատ շուտ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոց արձակելուն և հնարավոր սցենարներին՝ Ղևոնդյանը նշեց. «Միայն հայտարարությունները, որ Հայաստանը կրակում է, ըստ ամենայնի, բավարար չեն անկայունություն ցույց տալու համար և Խնածախի նման օրինակները, երբ կարող է օրինակ՝ մեկ կրակոց լինել կամ վատագյուն դեպքում դիպուկահարի կողմից որևէ հայ զինվորի թիրախավորում, նման օրինակների պետք է սպասել և պատրաստ լինել: Դա տեղավորվում է ընդհանուր տրամաբանության մեջ»:

Մեր այն հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այս իրավիճակում կարող է զսպել Ադրբեջանին՝ քաղաքագետը նշեց. «Միջազգային հանրությունը, իմանալով Ադրբեջանի գործելաոճը, պետք է իր հստակ դիրքորոշումը ցույց տա, ինչպես ցույց տվեց օրինակ՝ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ կապված հարցում: Տեսանք, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ դերակատարներ, կազմակերպություններ ողջունեցին և կոչ արեցին շտապ անցնել ստորագրման փուլին, նման կերպ էլ միջազգային հանրությունը լավ կլինի, որպեսզի վերաբերվի այս հայտարարություններին, առավել ևս, որ Հայաստանն առաջարկում է իրավիճակը վերահսկելու փոխադարձ մեխանիզմներ, Ադրբեջանը չի պատասխանում, իհարկե չի էլ պատասխանելու, որովհետև դա Ադրբեջանին բացարձակապես պետք չէ, բայց միջազգային հանրությունը կարող է նմանատիպ հայտարարությունների հիմքով շարունակել Ադրբեջանին կոչեր հղել, Ադրբեջանի դիրքորոշումը գնահատել որպես ոչ կառուցողական»:

Ղևոնդյանի կարծիքով՝ միջազգային հանրության կողմից որոշակի արձագանքներ այնուամենայնիվ կան. «Այդ արձագանքներն են պատճառը, որ Ադրբեջանը դեռևս կտրուկ քայլերի չի գնում, առավել ևս սադրանքի մասին որևէ խոսք չկա, կամ սահմանին զենք-զինամթերք մոտեցնելու մասին խոսք չկա: Իհարկե, սա կարևոր է, բայց լավ կլիներ, որպեսզի այդ արձագանքը շատ ավելի ընդարձակ լիներ»:

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունների և Ադրբեջանի հայտարարությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ադրբեջանին այս պահին ձեռնտու չէ ստորագրել պայմանագիրը, այդ պատճառով Ադրբեջանն ամեն մի հնարավորություն օգտագործելու է, որպեսզի դեռևս ձգձգի գործընթացը, ինչը չի նշանակում, որ բանակցությունները փակուղում են, որ պահին Ադրբեջանի կողմից ցանկություն կլինի, նրանք կշարունակեն ստորագրման վայրի վերաբերյալ խոսակցությունները: Բաքուն կստորագրի պայմանագիրը, երբ տեսնի, որ աշխարհաքաղաքական զարգացումներն այնպես են ընթանում, որ ավելին ստանալ չի կարող, այս պահին դեռևս հույս ունի, որ կարող է ավելին ստանալ: Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ինչ-որ ժամանակ անց մենք կարողանանք խաղաղությանը զուգահեռ խոսել ուժի լեզվով, բայց այս պահին դեռևս դրա հնարավորությունը ՀՀ-ն չունի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ