Քվեաթերթիկը նկարելը վերահսկելու միջոց չի կարող լինել․ Արման Թաթոյանի գրառումը մոլորեցնող է. Fip

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է Գյումրու ավագանու ընտրություններին և հայտարարել, թե «ՔՊ–ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից, գցում քվեատուփը։

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

Գյումրիում ավագանու ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով և այս պարագայում ընտրողին տրամադրվելու է 9 քվեաթերթիկ, որից նա ընտրելու է մեկը, տեղադրի ծրարում և գցի տուփի մեջ։ Քվեարկության այս ամբողջ ընթացքը լուսանկարելու պահանջը, որպես ընտրողին վերահսկելու միջոց, անհասկանալի է, քանի որ շատ ձևեր կան դա շրջանցելու համար, օրինակ, ընտրողը կարող է՝ լուսանկարել պահանջվող քվեաթերթիկը ծրարում, հետո հանել և վերջնաարդյունքում իր ցանկալի քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրել ծրարի մեջ։

Մինչև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այսինքն՝ մինչև 2016 թվականը, հնարավոր էր ընտրողին վերահսկելու միջոցով նրանից պահանջել լուսանկարել քվեարկությունը, քանի որ այն ժամանակ ընտրողը գրիչով նշում էր կատարում քվեաթերթիկի վրա։ Սակայն այս դեպքում վերահսկման նման մեթոդը այսպես ասած, վերահսկողի համար հուսալի չէ, քանի որ դա շրջանցելու տարբեր ձևեր կան։

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելու համար սահմանվում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով: Այսինքն՝ քվեաթերթիկը նկարելը գաղտնիության խախտում չէ, սակայն քվեաթերթիկը շահադիտական նպատակով լուսանկարելը և այն հրապարակելը կհամարվի քրեական հանցանք։

Այսպիսով, ըստ Fip-ի, Արման Թաթոյանի հայտարարությունը, թե ընտրողներին պարտադրվում է լուսանկարել քվեաթերթիկը, մոլորեցնող է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

171 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ