Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը թվում էր, թե հարաբերական անդորր պետք է ապահովեր կողմերի միջև, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ադրբեջանական կողմը, չհամակերպվելով այն իրականության հետ, որ ևս մեկ քայլով կողմերը մոտեցել են խաղաղության գործընթացին, սկսեց խոսել իբրև թե հայկական կողմի կրակոցների մասին:

Հայկական կողմը, իհարկե, հերքեց ադրբեջանական ստահոդ լուրերը, սակայն Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը «օգնության հասավ» հակառակորդին՝ հայտարարելով, թե սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ կապիտուլյացիա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, անդրադառնալով վերոնշյալին, նկատում է՝ եթե վարչապետն անմիջապես դուրս հրավիրեր եվրադիտորդներին և գնար խաղաղության համաձայնագրի ստորագրման, գուցե դա որոշակիորեն դիտարկվեր կապիտուլյացիա, բայց քանի դեռ դրա ազդակները չկան, Ադրբեջանն էլ չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, ուրեմն դա կապիտուլյացիա չի կարող լինել:

Քաղաքագետը չի բացառում պատերազմի վերսկսումը, այլ հարց է, որ, ըստ նրա, դա կախված չէ ո՛չ Ադրբեջանից և ո՛չ էլ Հայաստանից:

Մի բան, ըստ Դալլաքյանի, ակնհայտ է՝ քանի դեռ Ռուսաստանը չի կարողանում դուրս գալ ռուս-ուկրաինական ճակատից, այստեղ Ադրբեջանը չի կարող գնալ որևէ լուրջ էսկալացիայի:

Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանին ավելի կոնստրուկտիվ դարձնելու ճանապարհներից մեկը հայկական կողմի բալանսավորված քաղաքականություն վարելն է:

Ըստ զրուցակցի՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը շարունակվելու է, իսկ մոտակա մեկ տարին տուրբուլենտ է լինելու. աշխարհում հստակություն չկա, պետք է ճիշտ դիրքավորվել՝ հետևելով փոփոխություններին, կարծում է Դալլաքյանը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ