Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել։
Հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու առաջարկի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։
Վլադիմիր Պուտինը նշել է, թե «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կգործի միջազգային հովանու ներքո»։ Նրա խոսքով՝ սա թույլ կտա անցկացնել նոր ընտրություններ՝ ձևավորելով գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որի հետ հնարավոր կլինի բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի Սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։