Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են պայուսակ, որում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն է։