ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։
Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։
«Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն»,- ասել է նա:
Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ երկրում պետք է ընտրություններ անցկացվեին դեռ 2024 թ. մայիսին։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրությունները հետաձգել է երկրում Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում սահմանված ռազմական դրության պատճառով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։