Նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել
Սարիկ Մինասյանը իմ ուսանողական ընկերն ա:
Ինքն առաջին (ու տևական ժամանակ միակ) գյումրեցին ա, ում կյանքումս մոտիկից ճանաչել եմ, էն մարդն ա, ում միջոցով ծանոթացել ու սիրահարվել եմ աշխարհի ամենաունիկալ լեզվի (բարբառի), հումորի, մտածողության ու մշակույթի հետ: Նա Գյումրու իսկական դեսպանն ա եղել իրան շրջապատող բոլոր ոչ գյումրեցիների, իսկ ավելի կոնկրետ` ինձ նման հերեվըծիգի համար։
Սարիկն ա, որ սրանից մի 23-24 տարի առաջ ինձ առաջին անգամ տարել ա Գյումրի, ծանոթացրել քաղաքին, որն էն տարիներին հատկապես լավ կյանքով չէր ապրում ու շատ տխրեցնող, բայց հպարտ տեսք ուներ, ինչպես նաև իրանց մայլին ու մայլի տղեքին, ընտանիքի անդամներին, որոնք իրենց հարկի տակ` շատ սիրուն ու հաճելի դոմիկում, մի քանի գիշեր մեզ հյուրընկալել ու պատվել են: Հազար «օյին» ա խաղացել գլխիս էդ ճամփորդության ընթացքում Սարիկը, հազար չմոռացվող քաղցր հուշ ենք շալակել:
Սարիկն իսկական ա, ֆեյք չի: Իրա վրայից մարդու հոտ ա գալիս: Իրանից երբեք չես կարա մեջքից հարված կամ աննշան ստորություն սպասես: Ինքը բարոյական մարդ ա, թասիբը արյան մեջ ծնվել ա: Չափից ավել խարիզմատիկ ա, ընդգծված լիդեր ա: Իրան մենակ սնոբները կարան չսիրեն, մեկ էլ նրանք, որ չեն կարողացել ճանաչել էդ մարդուն:
Մենք տեսակով շատ տարբեր ենք, ինչպես ասում են` տարբեր «մասթի», ու էդքանով հանդերձ ամեն օրվա ջերմ ընկերություն ենք արել, որը ցավոք սրտի ընդհատվել ա, երբ ավարտել ենք բուհն ու ամեն մեկս մեր քաղաքում մեր գործերին անցել (էն ժամանակ սոց ցանցեր չկային): Ես կարոտում եմ էդ շրջանը, ափսոսում եմ, որ էդ քիմիայի հետ էդքան անուշադիր ենք վարվել ժամանակին:
Մի կարճ շրջան որտեղից որտեղ էլի հատվեցին մեր ուղիները, երբ երկուսս էլ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվեցինք տարբեր խմբակցությունների կազմում: Շատ ուրախացա, երբ գիտակցեցի, որ 15 տարվա մեջ չի փոխվել, էդ մարդը պահպանել ա բոլոր էն հատկանիշները, որոնցով ժամանակից իրան բոլորը ճանաչել ու սիրել են:
Հիմա Սարիկը Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն ա ու առաջիկա ընտրություններում առաջատար թեկնածուներից մեկը: Էս նորությունը կարդացի մամուլում մեր վերջին խոսակցուպյունից ընդամենը մի օր հետո, երբ քննարկում էինք կուրսի ժողովրդին իրար գլուխ հավախելու ու մի լավ քեֆ անելու հարցը: Մի քիչ փաստորեն հետաձգվեց, բայց հուսով եմ ամռանը կթարմացնենք խոսակցությունը։
Ես շատ եմ ուզում, որ իմ ընկերը ղեկավարի Հայաստանի երկրորդ քաղաքը: Հրապարակային աջակցությունս եմ հայտնում ու հաղթանակ մաղթում:
Հ.Գ. Թքած ունեմ, թե ոմանք ինչեր կմտածեն էս գրառումը կարդալով: Սրտիցս բխած խոսք ա, որը եթե չարտահայտեի էս տեսքով ու հենց հիմա, հետո ինքս իմ հանդեպ հաշտ չէի լինի: