Ինչպես հայտնել ենք՝ խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից արված իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ ելույթում չի անդրադառնա կոնկրետ գործի դրվագներին, այլ կանդրադառնա քաղաքական համատեքստին:
Կոնջորյանը նաև նշել է, որ հարցի քննարկման ժամանակ, որքան էլ տարօրինակ է, ընդդիմությունը ներկա չէ ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես և՝ հենց Մարգարյանը:
«Ոչ միայն Տարոն Մարգարյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը, այլ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ այս քննարկմանը: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի, որ գա և մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք, ըստ էության, մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձևափոխել, և դրանք դատական այս գործերի մեջ են հայտնվել: Բայց դա իհարկե կլիներ շատ մեծ կոմպլիմենտ ընդդիմությանը՝ մտածելու համար, որ նրանք երես չունեն, ինչը նշանակում է, որ ամոթ ունեն և դրա համար չեն եկել:
Մենք մանկապարտեզ և դպրոց ենք կառուցում, մեր առջև խնդիր ենք դրել մինչև 2026-ը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, իրենք մանկապարտեզներ և դպրոցներ են գողացել և սեփականաշնորհել»,- նշել է Կոնջորյանը՝ հավելելով, որ դա վկայում է երկու բևեռային աշխարհահայացքի մասին:
Նրա խոսքով՝ երբ դու կառուցում ես մանկապարտեզ, այդ երկրի հետ դու ապագա ես կապում:
«Երբ դու մանկապարտեզ ես քանդում, սեփականաշնորհում, դպրոց ես մասնավորեցնում, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում, քո հայրենիքը ուրիշ տեղ է՝ այնտեղ, որտեղ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվանեն: Այդտեղ է քո հայրենիքը»,- ասել է Կոնջորյանը՝ ընդգծելով՝ սա էլի գալիս, կանգնում է Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա:
Նրա խոսքով՝ մանկապարտեզ գողացածներն այսօր իրենց մեղադրում են, խաչակրաց արշավանք կազմակերպում Ակադեմիական քաղաքի դեմ:
«Բա մի հատ փոքր Ակադեմիական քաղաք լիներ, մասնավորեցնեին, իրար մեջ բաժանեին, սարքեին բիլիարդանոցներ, ժամանցի վայրեր…»,- ասել է պատգամավորը՝ ընդգծելով՝ հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին:
322 դիտում , 2 դիտում այսօր