Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է

Ձերբակալվել է Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանը՝ «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք, Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել:

Հիշեցնենք, որ իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:

1433 դիտում , 3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ