Հայաստանում 2018 թվականից ի վեր որևէ մեկը ոչ օրինական ճանապարհով չի կարող ազդել քաղաքացու ընտրության իրավունքի վրա։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանելու ձայնագրությանը՝ նա նկատեց․ «Ինչ վերաբերում է ընտրություններից երկու օր առաջ, այսինքն՝ եթե ընտրությունից երկու օր առաջ մարդիկ մարդկանց փող են բաժանում, մի կապ փայտ են բաժանում, պե՞տք է աչք փակենք։ Գլուխները տալու ենք պատերին, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց, և գնել մարդկանց քվեն՝ օրենքի ողջ խստությամբ»։
Հիշեցնենք, որ իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: