Խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական փուլն է․ վարչապետը՝ Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին

«Նռնաձոր տանող ճանապարհի մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի տեղակայման հետ, և քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է․ այսինքն՝ սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է»։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սյունիքում Կապան-Ծավ ճանապարհից Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին:

Նրա խոսքով, սա այն գործնական քայլերից մեկն է, որով բնակավայրի համար ստեղծվում է այլընտրանքային ճանապարհ՝ միաժամանակ ազատելով երկաթուղու համար նախատեսված հատվածը։

«Երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, այն կարող է անցնել միայն այդ հատվածով, ուստի մենք ազատում ենք այդ տարածքը՝ երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»,- ասաց նա:

Ըստ վարչապետի, այս նոր ճանապարհի կառուցումը կսկսվի և կավարտվի 2025 թվականին:

24 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ