Փողը մի տուր, դիր ջեբդ, բայց իմանանք՝ էսքան մարդ կա. Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել. տեսանյութ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:

Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով»,- ասված է կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ:

1868 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ