Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ թեման անշարժ գույքի գեներացիայի խնդիրն էր։ Պատգամավորը ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ․ «ՀՀ-ի գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք ինչի մասին է խոսքը, բայց երբ որ դիտում ենք ՀՀ-ում մասնավոր սեկտորի, գործակալությունների կողմից անշարժ գույքի տվյալները, տեսնում ենք մոտավորապես մինչև 59 հազար գույք։ Իհարկե, դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն, դրանցից մոտավոր 1580-ը արտասահմանյան քաղաքացիներն են ձեռք բերել, երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներցիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում»,- նշեց Սուքիասյանը։
Նա փորձեց հասկանալ, թե արդյոք հնարավոր չէ դա հանձնել մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, նրանք վաճառեն կամ վարձով տան, նրանք վերանորոգեն, որովհետև վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիոն էֆեկտ է սկսվում՝ ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մարդիկ են աշխատում։ «Ես կարծում եմ՝ սա պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի և ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ՝ Դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, թե ինչի պետք է պետական ունեցվածը մի կողմ դրված լինի և ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի համար»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ կա այդ պրոբլեմը։ Նա օրինակ բերեց Հանրապետության հրապարակում նման մի շենք, որը չի մտնում ներդրումային տրամաբանության մեջ, քանի որ շատ ստանդարտների չի համապատասխանում և անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ։
«Թեման պրոբլեմատիկ է և միանշանակ շատ կարևոր։ Այս հարցը մեզ շատ է հետաքրքրում, և մենք սխեմաների փնտրտուքի մեջ ենք»,- նշեց վարչապետը։