Փոխադարձաբար կարևորել ենք, որ որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի մասին

«Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար: Խոսակցության երկրորդ թեման՝ տարածաշրջանային իրավիճակն է եղել»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարը նույնպես արձանագրում է արել, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցություններն այդպիսով հաջողությամբ ավարտելը. «Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում: Փոխադարձաբար կարևորել ենք, որ որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ»:

Փաշինյանը նաև կարևորեց մեկ այլ իրողություն, որը տեղի է ունեցել. «Հանգամանք կա, որն արժանի է ուշադրության, այն, որ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ի մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո և սա չափազանց կարևոր իրադարձություն է: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին՝ անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային-անցագրային կետերում իրականացնելու համար և գոհունակությունս հայտնել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ գործառույթն իրականացնել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ