Թրամփը մտադիր չէ Հարավային Կովկասը թողնել ինքնահոսի

ԱՄՆ չի լքում Հարավային Կովկասը։ Շատերն այն կարծիքին էին, որ Դոնալդ Թրամփը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մեր տարածաշրջանում էապես կնվազեցնի ԱՄՆ քաղաքական ներկայությունը։ Բայդենի օրոք՝ ԱՄՆ բավական ակտիվ էր Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ մեծ ներգրավվածություն ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Հայաստանում շատերը պնդում էին, որ Թրամփը փոխելու է ԱՄՆ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ինչը կարող է էապես թուլացնել Հայ-ամերիկյան հարաբերությունները և շփումները, որն էլ իր հերթին կբերի Հայաստանի դիրքերԱրդի թուլացմանը՝ Ադրրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Թրամփը մտադիր չէ Հարավային Կովկասը թողնել ինքնահոսի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններից հետո՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն ողջունեցին այդ գործընթացի ավարտը, այլև սկսեցին են ակտիվ շփումները կողմերի հետ։

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Ի դեպ, երբ ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրվեց Ռազմավարական գործակցության հանձնաժողովի կանոնակարգը (Strategic Partnership Commission Charter)՝ այն Հայաստանի որոշ շրջանակներում և այլ երկրներում ջղաձգումներով ընդունվեց։ Շատերը փորձում էին հանրությանը համոզել, որ փաստաթուղթը ստորագրվել է Բայդենի հեռացող վարչակազմի օրոք և Թրամփի իշխանությունը կարող է ընթացք չտալ այդ փաստաթղթին։

Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը փաստեց, որ Թրամփի վարչակազմը հետևողական է լինելու և պատրաստ է շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Այդ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի համար ևս մեկ կարևոր հարց։ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Այն, որ ԱՄՆ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է արագ ստորագրվի՝ արդեն ակնհյատ է։ Սա հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված երկրորդ կարևոր արձանագրումն է։ Հիշեցնենք, որ բանակցությունների ավարտից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը բավական ուշագրավ գրառում էր արել՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ և նրան ասել, որ պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար։ Ուոլցի հեռախոսազանգը Հաջիևին և Ռուբիո-Փաշինյան շփումները ցույց են տալիս, որ ԱՄՆ մտադիր չէ զիջել դիրքերը Հարավային Կովկասում և ինչպես Ուոլցն էր նշել իր գրառման մեջ․«Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»։

Մեր տարածաշրջանում ԱՄՆ ակտիվացումը բավական զգայուն ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Ռուբիոյի զանգը կարևոր էր հատկապես վերջին օրերի լարված իրավիճակի ֆոնին, երբ Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ շարունակ ապատեղեկատվություն է տարածում սահմանային կրակոցների մասին։ Ի դեպ, նախօրեին տեղի ունեցած Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցին հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը, որտեղ ևս շոշափվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը։

Հատկանշանական է նաև, որ այս օրերին Երևանում է Իրանի արտաքին գործերի նախարարը, իսկ Ֆրանսիան էլ հայտարարում է Գորիսում հյուպատոսության բացելու մտադրության մասին։

Իրադարձությունները բավական արագ են զարգանում, ինչը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը առաջնային է դառնում աշխարհաքաղաքական բևեռների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ