Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կարծում է՝ Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը համացանցում հրապարակված ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:
«Բարեպաշտության իրական երեսը:
Ամեն երկրորդ բառը ասել Աստված, մեջբերումներ անել Աստվածաշնչից և սպառնալ գյումրեցիներին: Սա Վարդան Ղուկասյանի գործելաոճն է եղել տարիներ առաջ և հիմա:
Համացանցում տարածվող ձայնագրությունը դրա վառ ապացույցն է: Քրեական գործերով անցնողը սպառնում է ՀՀ քաղաքացուն, այն նույն գյումրեցուն, ում կարիքը հոգալու, հոգսը թեթևացնելու համար աղոթելուց զատ նաև քաղաքապետ դառնալու բաղձանքը ունի:
Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:
Սիրելի գյումրեցիներ, թույլ չտաք կրիմինալի վերադարձը, դուք պետք է ազատ լինեք ձեր ընտրության մեջ»,- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:
Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու: