Խմբակցությունը որոշումը կկայացնի․ Հովհաննիսյանը՝ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Որևէ քաղաքական ճնշման մասին խոսել չենք կարող, անցնում ենք իրավական գործընթացով»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։

«Խմբակցությունը նիստ կանի,որոշումը կկայացնի, և փակ գաղտնի քվեարկության արդյունքներով կտեղեկանանք այդ որոշման մասին։

Դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին Սուրենավան անվան տակ պետական անվտանգությանը վերաբերող գաղտնիքներ է փոխանցում։

Անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, կկայացնենք որոշում՝ ելնելով միջնորդության բովանդակությունից։ Մենք՝ որպես քաղաքական մարմին, հնարավորություն ենք տալիս վարույթ իրականացնելու, և որևէ կերպ չենք ցանկանում խոչընդոտել փաստական հանգամանքների առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին»։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ մարտի 26-ին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ