Ես տան ռեմոնտի համար 8000 դոլար վերցրել եմ․ Աղազարյանն անդրադարձել է իր հետ կապված քրեական գործին

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովում անդրադառնալով իր հետ կապված քրեական գործին, որի շրջանակում գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, որոշ մանրամասներ ներկայացրեց:

Նա պնդեց, որ քրեական գործերում 1 Աշոտիկ և 1 Աշոտ է եղել, ինչպես նաև 2 Սլավիկ, քանի որ այս հանգամանքը գործը խճճում է, ապա որոշ մանրամանսեր պատմեց․

«Սլավիկ Պողոսյանի տղան աշնան կողմերը հանդիպում էր խնդրել, և մենք հանդիպեցինք, և նա ասաց հետևյալը, որ իր պապան հիվանդ է, այդ պահին խափանման միջոցը փոխել էին տնային կալանքի, և եթե հայտնվի անազատութան մեջ, խիստ դժվարություններ կունենա, և խնդրում էր, որ ես օգնեմ իրեն այդ հարցում, և եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ: Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել»։

Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ «Սլավիկ Պողոսյանի» և «Աշոտիկի» հետ հանդիպման ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու խոսակցություն․ «Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ես ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել այդ առաջարկությանը»,- ասաց նա, և հիշեցրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և տարօրինակ չէ, որ այս ընթացքում իրեն շատերն են դիմել տարբեր հարցերով:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացրել է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

Քրեական վարույթի համաձայն՝

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ 62218423 քրեական վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող, օրենսդիր իշխանության ներկայացուցչին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը՝ վերջինների կողմից, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ