ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան որևէ դրսևորմամբ ընդունելի չէ։
Այս մասին ասվում է Պետքարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու համար։
Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է», — ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով, որ վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։
Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։