«Ընդդիմության՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քվեարկությանը չմասնակցելը զարմանալի չէ, որովհետև ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռած է ձևանում»:
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ըթնացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Երբ այստեղ գալիս են թրով, ասում են՝ մենք չենք մասնակցելու, դրանում հա՛մ փորձ կա՝ խիզախություն հաղորդելու, հա՛մ միևնույն ժամանակ չես կարող խիզախաբար ձեռնպահ լինել: Դրա համար մեռած ձևանալը լավագույն բանն է, թե՝ ժողովո՛ւրդ ջան, մենք չենք տենում սա»,- ասաց նա։
Վերջինս հիշեցրեց, որ երբ ԱԺ-ն հաստատում էր ԵՄ դիտորդների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու կանոնակարգը, ընդդիմությունը նորից գնաց նույն ճանապարհով՝ «մեռած ձևացավ»․
«Հիմա էլ, ընդ որում, խաղաղության համաձայնագրի կոնտեքստում քննարկումների ժամանակ այս նույն ընդդիմությունը պաշտպանում է և մեղադրում է մեզ, թե դուք ԵՄ դիտորդներին ուզում եք հեռացնել, և սկսել են պաշտպանել այն, ինչ քննադատում էին երկար ժամանակ:
Հարգելի՛ գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք ձեր դիրքորոշումների բազմազանության մեջ: Եվ բոլոր այն դեպքերում, որտեղ ՀՀ-ն փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը և ամրապնդել իր անվտանգությունը, դուք գնում եք հին, կոտրած տաշտակի առջև կանգնելու ճանապարհով»։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը։