Հասարակական հարցումները վկայում են, որ Հայաստանի ժողովուրդը հակված է, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին. Արտակ Զեյնալյան

ԱԺ-ն քննարկում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրեց՝ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծը:

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»,- հայտնեց Զեյնալյանը՝ հիշեցնելով, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն, որն աշխատանքային կարգով քննարկվել է ԱԺ-ում՝ Կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, և ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը:

Զեյնալյանն այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ օրենքը Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»:

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում եմ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչեցվել է հարց, որի պատասխանը հարկ եմ համարում հնչեցնել նաև ԱԺ ամբիոնից, այն է՝ եղե՞լ են արդյոք արձագանքներ առաջինից երկրորդ ընթերցման փուլի միջակայքում Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի օրենքի ընդունման վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ ողջունող հայտարարություններ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ: Պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը»,- նշեց նա:

Զեյնալյանի խոսքով՝ պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մակարդակներից և ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ և հստակ ազդակներ՝ հաջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին:

Քաղաքական աջակցությունը տեսանելի է դարձել թե՛ երկկողմ հանդիպումներում, թե՛ տարբեր միջազգային հարթակներում:

Հարակից զեկուցող, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրեց՝ Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, հայտնեց՝ Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում հանել են նախաբանի մի մասը:

Եղոյանը հայտնեց՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել. նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:

Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայունության ու իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ