Որոշ ուժերի նպատակն է ՀՀ երկրորդ քաղաքը դարձնել «Դոնբաս 2». գյումրեցիները մտահոգ են

Երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին ու որպես քաղաքական պլատֆորմ ընտրեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ ղեկավարելով դրա ընտրական ցուցակը, արդեն պարզ էր ժողովրդի ասած՝ «յոթ ծովի մերան» նախկին քաղաքապետի պլանը։ Այն է՝ իր վրա հրավիրել ՌԴ-ի, մասնավորապես խոշոր կուսակցություններից մեկի՝ Կոմունիստական կուսակցության ուշադրությունը, օգտագործել դրա «դուստր կազմակերպության»՝ ՀԿԿ-ի քաղաքական-վարչական ռեսուրսը ընտրությունների կազմակերպման ու անցկացման նպատակով և ստանալ Հյուսիսի աջակցությունը՝ ՀՀ-ում իշխանափոխության օրակարգը եթե ոչ միանգամից, ապա «քաղաք առ քաղաք» իրագործելու համար։ Ակնհայտ է, որ ՀՀ ընդդիմությունը չունի հանրային աջակցության բավարար ռեսուրս երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, հետևապես պետք է գործի դնել «պերեվառոտի» մեկ այլ «վարիացիա»՝ «կտոր-կտոր, մաս առ մաս»։ Իզուր չէ, որ ընտրություններին մասնակցող պրոռուսական ուժերից մեկի՝ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությունն ստացած «Մայր Հայաստան»-ի կուրատորը՝ «Դոնբասի Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Թևանյանը, հայտարարում է՝ Գյումրիում տեղի ունենալիք ընտրությունները «աշխարհաքաղաքական նշանակություն» են ունենալու։ Աշխարհաքաղաքական ասելով, բնականաբար, Թևանյանն իր մտքում նկատի ունի միայն մեկ «աշխարհաքաղաքական միավորի»՝ ՌԴ-ին, և այդ պետության շահերը շոշափող նշանակությունը։

Հարկ է նկատել, որ Ղուկասյանը չի էլ թաքցնում, որ «ռուսական գծի» մեջ է, ռուսական շահերի լոբբինգով է զբաղվում՝ դրանք մատուցելով որպես ի շահ Գյումրիի տեղի ունենալիք գործողություններ։ Նա, հիշեցնենք, օրերս հայտարարեց, թե՝ ռուսական դրոշը որ օրը մեր երկրից դուրս եկավ, երեք օր հետո թուրքերը Գյումրիում կլինեն։ Մի քանի օր առաջ էլ նախկին քաղաքապետը, որը «Բեռլինի գրավման ռեպետիցիան» է համարում Գյումրիի ընտրություններն ու Արցախը, Շուշին, Կարսն ու Անին հետ բերելու նախերգանքը, խոստովանեց, որ ռուսական որոշ շրջանակների հետ «արիշ-վերիշների» մեջ է։ «Էսօր խոսել ենք Ռուսաստան, Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, որ ես անցնում եմ քաղաքապետ, դրանից հետո համատեղ գործարաններ է բացվում Գյումրի քաղաքում՝ ռուսների հետ միասին»։ Ղուկասյանը հայտարարել է նաև, որ ռուսների հետ պայմանավորվածության համաձայն՝ նաև հիվանդանոց է բացելու, որը լինելու է «քաղաքապատկան», և որտեղ աշխատելու են ՌԴ-ից եկած որակյալ պրոֆեսորները, ինչպես նաև տեղի բժիշկները։ Տպավորություն է, որ Գյումրին ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքներից է, այլ՝ Ռուսաստանի, որի աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ունեցող թեկնածուն ակնկալում է վերցնել քաղաքային իշխանությունն ու իրագործել ռուսական պրոյեկտներ։

Հարկ է նշել, որ նախքան ընտրական գործընթացի մեկնարկը Ղուկասյանին առաջադրած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել էր Դոնբաս՝ ԴԺՀ, հանդիպել դրա նախագահ Դենիս Պուշիլինիի հետ, Հայաստանի կոմունիստների անունից մարդասիրական օգնություն էր տարել Դոնբասի բնակչությանը։ Հատկանշական է, որ նրան պատվիրակության կազմում ուղեկցում էր ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ՌԴ Պետդումայի Դաշնային Ժողովի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ս.թ. հունվարի 31-ին տեղի էր ունեցել Համառուսաստանյան կուսակցական ժողովը, որին տեսակապով մասնակցել էր նաև ՀԿԿ-ն։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Գենադի Զյուգանովը, դիմելով իր «հայ բարեկամներին», նրանց բացատրել էր, որ «առանց ռուսական ներկայության Կովկասում, այդտեղ պարզապես անհնար կլինի ապրել, ինչը շատ լավ հասկանում և գիտակցում են բոլորը։ «Համոզված եմ, որ ձեր արդար պայքարը կտա իր սպասելի արդյունքները, և որոշ հայ քաղաքական գործիչներ ավելի լավ կհասկանան մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության անհրաժեշտությունը և անփոխարինելիությունը»,- նշել է ՌԴ «թիվ մեկ» կոմունիստը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ՀԿԿ Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանն էլ իր ելույթում անդրադարձել էր Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին։ Մանուկյանն, ի դեպ, Ղուկասյանի քաղաքապետության շրջանում եղել է նրա տեղակալը, քարոզարշավի այս օրերին էլ շքախմբի կազմում ուղեկցում է Վարդան Ղուկասյանին։

Ուշագրավ է, որ Ղուկասյանին առաջադրած ՀԿԿ-ի օգտին քվեարկելու կոչով է հանդես եկել «Հայաստանի Սովետական սպաների միությունը»։

Միության տարածած հայտարարության մեջ, որը զետեղել է ՀԿԿ ֆեյսբուքյան էջը, կոչ է արվում «Գյումրի քաղաքի այն ազգաբնակչությանը, որը ծառայել է Սովետական բանակում և հավատարիմ է մնացել աշխատավոր ժողովրդին տրված երդմանը», մարտի 30-ին քվեարկել Ղուկասյանի օգտին։ Գյումրեցիները կատակում են՝ «մնում է Վլադիմիր Իլյիչ Լենինը հոգեդարձ լինի ու իր անվերապահ սատարումը հայտնի նախկին քաղաքապետին, բայց եթե Լենինը հարություն առնի ու իմանա, թե ինչ իսան է Կոմկուսի ցուցակի առաջին դեմքը, տուտժե ինքնասպան կլինի»։ Ինչևէ։ Նշենք, որ այս միությունը մեկ տարի առաջ այս օրերին մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Վլադիմիր Լենինի ծննդավայր Ռուսաստանում ծվարած, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ»-ին միանալու հուշագիր էր ստորագրել։ Ավելին՝ ամիսներ առաջ էլ միացել էր Կարապետյանի ստեղծած «Ազգային հպարտության տրիբունալին»։ Էստեղ են ասել՝ ասա ով է «սատարիչդ», ասեմ՝ ով ես դու։ Կատակը կատակ, բայց գյումրեցիները, հաշվի առնելով Ղուկասյանի արտաքին սատարիչներին, ինչպես նաև նրա, որպես մարդ, առանձնահատկությունները, չեն բացառում, որ քաղաքապետ դառնալուց հետո կտրի կապը կառավարության հետ ու Գյումրին հռչակի, ասենք՝ «ինքնավար հանրապետություն»՝ «Դոնբաս-2» ։

Հ.Գ. Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 21-ին անցկացվել է հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս՝ նվիրված «Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ» տալու «Մայր Հայաստանի» նախագծին:

Կոնֆերանսին հեռավար կարգով մասնակցած ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը նշել է, որ «Գյումրին ռազմավարական կարևորություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, և պատահական չէ, որ հենց այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան»։

Գյումրին «ազատ տնտեսական գոտի» դարձնելու օրակարգը, նկատենք, ներառված է նաև Ղուկասյանին առաջադրած կուսակցության նախընտրական ծրագրում։

Ե. Ա.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ