![]()
-Ընկե´ր, մրսու°մ ես:
Գրողը տանի, ինձ ա° հարցնում. Վիկա Հարությունյան
Անպայման կարդալ մինչեւ վերջ
Էս մասին ես ուզել եմ գրել 2016-ի սեպտեմբերի 29-ից սկսած ամեն օր, ամեն րոպե ու ամեն վայրկյան։ Էս տեքստը մտքումս շարադրել, գրել, կետադրել ու բարձրաձայն կարդացել եմ ավելի շատ, քան անվանս ամբողջական տարբերակը, բայց երբեք համարձակություն չեմ ունեցել թղթի վրա էս տեքստից գոնե մի տառ գրել, միշտ պահել եմ, պատմել հատ ու կենտ մարդկանց ու ամեն անգամ ինձ համոզել, որ վերջին անգամ եմ էդ սիրուն րոպեները կիսելու, խոսելու ու պատմածս վերարտադրել կարողացող ցանկացած մեկի։
Բայց էսօր ուզում եմ սա կարդան բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր սա կարդալու մի կաթիլ արժանիք անգամ չունեն, կարդան բոլոր-բոլոր նրանք, ովքեր ամեն բառի ու նախադասության վերջին վանկով կկախեն իրենց գլուխը, նրանք, ովքեր իրենց ստեղծած փուչիկի թափանցիկ պատերից առաջին ու վերջին անգամ դուրս կնայեն, նրանք, ովքեր էս պատմության մեջ երկար կփնտրեն իրենց, բայց էդպես էլ չեն գտնի, գիտակցելով, որ նրանց այս սիրուն տողերից զրկել է իրենց իսկ սեփական հավատի անպատեհ բացակայությունը, բայց սիրուն ու կիսաթեք կժպտան միայն նրանք, ովքեր այդ օրը իմ հետ նույն վայրում կանգնած գրկել էին իրենց միակ վերարկուն` հավատը, ու ջերմանում էին` չնկատելով կարմած մատներն ու բերաններից դուրս եկող տաք գոլորշին։
Վանաձորի Արցախի հրապարակը մարդաշատ չէր, համենայն դեպս ոչ այնքան, ինչքան ես պլանավորել, հաշվել ու հատիկ-հատիկ դասավորել էի իմ մանկության ամառների հսկայական հրապարակում, որտեղ մարդիկ իմ համար կիկլոպների նման անճոռնի էին ու տիտանների նման ահարկու:
![]()
Տարօրինակ եղանակ էր. թեթև քամի, սառը օդ ու սարսռեցնող անծանոթ հայացքներ: Երկրի միակ ընդդիմության առաջնորդը շտապում էր օղորմածիկ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդի տան դիմաց սելֆիի( ինքը սելֆի միշտ ա սիրել :Ճ ), իսկ ես անկյունում սառած-կապտած կանգնած րոպեներն էի հաշվում, որ հասնենք գրասենյակ, տաքանամ:
Մարդկանց դեմքերը ներսում փակված էմոցիաների նման բազմազան էին, տարբեր ու բոլորը իրար նման` աննկարագրելի սիրուն:
— Ընկե´ր, մրսու°մ ես:
Գրողը տանի, ինձ ա° հարցնում:
Աչքիս առաջ շուրջս հավաքված բոլոր մարդիկ միանգամից մեծացան, նրանց սիրուն դեմքերը աղավաղվեցին, մի ակնթարթում հետ վերադարձա իմ մանկության կիկլոպների ու տիտանների հրապարակ, որտեղ ես մեջտեղում կանգնած հիանում էի նրանց գոյությամբ:
Ժպտացի ու գլխով հա ասեցի:
Երբեք էնքան չեմ ամաչել, նույնիսկ երբ առաջին անգամ անգիտակցաբար հավաքել եմ ես քեզ սիրում եմ բառերը:
Տղաներից մեկին խնդրեց կուրտկան հանել, տալ ինձ, իսկ նրան մնալ բարակ սպիտակ ու իմ ամենասիրելի վերնաշապիկով:
![]()
Չէ, սա պատմություն չի այն մասին, որ ինձ իր հոգատարությամբ ու ներկայությամբ ծածկեց ներկայիս համայն հայության ու մեզնից յուրաքանչյուրի վարչապետը, սա պատմություն է այն մասին,որ ինձ ծածկել է Նիկոլը, այն նույն վարչապետը, ում մեկ ու կես տարի առաջ ձեզնից շատերը ծաղրում էին, նա, ում ամեն բառի, ելույթի վրա ծիծաղում էին, նա, ում հավատում էին մի քանիսը, նա, ում հարթակից դավաճան որակեցին, ում անամոթաբար մեջքով կանգնեցին, ում մոռացան հավատալ, ում մոռացան սպասել, ում հիշեցին միայն այն ժամանակ, երբ նա դարձավ միակն ու ընտրյալը:
Ինչպես 3 տարի առաջ կիկլոպների ու տիտանների հրապարակում, այնպես էլ նրան նախորդող ամեն րոպե ու վայրկան նա ծածկել ու ջերմացրել է յուրաքանչյուրին, նա եղել է մեզնից յուրաքանչյուրն ու մեկ ամբողջը:
Ամեն անգամ էկրաններից այն կողմ նրա նկարը տեսնելուց ու ձայնը լսելուց, հիշեք, թե քանի անգամ եք նրան թիկունքից հարվածել ձեր անհավատությամբ, քանի անգամ եք ծիծաղել նրա վրա, քանի ու քանի անգամ եք նրան կտրել իր երազանքից, որը նա տարիներով փազլի նման ստեղծել ու հավաքել է ձեր, ձեր երեխաների ու բոլորի ապագայի համար:
Հիշեք ու երբեք չհամարձակվեց մոռանալ, գրողը տանի, ԵՐԲԵՔ:
Ես իմ կյանքի ամենասիրուն հարցին հիմա նորից եմ պատասխանում`
Չէ, չեմ մրսում:
Ես 2016-ի սեպտեմբերի 29ից սկսած ամեն րոպե ծածկված եմ ձեր հոգատարությամբ, ես որպես ՀՀ քաղաքացի այլևս երբեք չեմ մրսել, ես չեմ համարձակվի մրսել:
Շնորհավոր ծնունդդ Նիկոլ Փաշինյան
Ես պաշտում եմ Ձեր` դարձի եկած տեսակը, ինչպես մեկ տարի առաջ ապրիլի 4-ի այն նույն նկարի նույն քոմենթում:
![]()