Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է եղել ու բացակայել։ Այս մասին հայտնել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։
«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:
2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 րոպե» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված է եղել և փոխարենը՝ Ադրբեջանը ներկայացված ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։
Հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։
Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել։ Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան՝ հայտարարելով, որ դա անընդունելի է և «մարմնավորում է պանթյուրքիստական երազանքը»։
157 դիտում , 1 դիտում այսօր