Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղի են մտել:
Ըստ նրա՝ պարզապես ադրբեջանական կողմի համար անսպասելի է եղել փաստը, որ հայկական կողմն ընդունել է պայմանագրի բոլոր կետերն ու պատրաստ է այն ստորագրել:
«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, որ ընդդիմության կարծիքով՝ խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջումների մասին է, Սիմոնյանն արձագանքել է. «Ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմին: Դրա տրամաբանությունը թող իրենցից մեկը բացատրի, մենք էլ հասկանանք՝ որն է դրա միակողմանի զիջումը, եթե գրված է երկու կողմի համար: Դա աբսուրդ է և անլուրջ: Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»:
Դիտարկմանը, թե օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ թեև խաղաղության տեքստը չի հրապարակվել, բայց պարզ է, որ դա կապիտուլյացիա է, Ազգային ժողովի նախագահը արձագանքել է. «Առաջին ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ, երկրորդը, երբ որ դու ասում ես՝ «տրամաբանությունը այն է, որ հայտնի է նրանց ոճը», առանց տեքստի հետ ծանոթանալու, անլուրջ տպավորություն է, քաղաքական գործիչին վայել գործելաոճ չԷ»։
Հարցին, թե ե՞րբ են ադրբեջանցի զինվորականները դուրս գալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, Սիմոնյանը պատասխանել է, որ դրա ուղղությամբ ամենակարճ ճանապարհը սահմանազատման և սահմանագծման գործընթացն է, խաղաղության պայմանագիրը:
Անդրադառնալով պնդումներին, թե պարտադիր է երրորդ կողմի, կամ միջնորդի առկայությունը, և թե օրվա իշխանությունը արդյոք հնարավոր համարո՞ւմ է վերադարձը եռակողմ ձևաչափին՝ ռուսական միջնորդությանը, Սիմոնյանն արձագանքել է. «Անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելը դադարեցրեք»:
Ազգային ժողովի խոսնակի համոզմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն այնքան ուժ ունեն, որ տնօրինեն իրենց ճակատագրերը:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: