Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Գյումրիում «քաղաքական գարունը», ընտրություններով պայմանավորված, շատ թեժ է և գնալով՝ ավելի է թեժանում, ու քանի որ ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր, բոլոր ուժերն ու թեկնածուները փորձում են իրենց առավելագույն «բարձունքը» ցույց տալ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասում է՝ թեկնածուները, որոնք հիմնականում ներկայանում են որևէ այլ՝ երրորդ ուժի ներքո պատսպարված, ընտրության օրվա մոտենալուն հետ ավելի ու ավելի են ինքնաբացահայտում իրենց և իրենց ետևում կանգնած ուժերին:

Թեկնածուներից ամենակարկառունը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն անցնում է ապօրինի գույքի գործերով և ամեն անգամ տեսախցիկների առաջ չի զլանում նոր «գաղափարախոսական» մոտեցմամբ հանդես գալ, այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին առաջարկել է իր հետ գնալ գաղութ նստել՝ պարզելու համար, թե ով է ավելի, այսպես ասած», «լավ տղա»:

Իշխանական պատգամավորն ասում է, որ ապշած է վերջինիս խոսույթից ու զարմանում է, թե ինչպես կարելի է ընտրապայքարի մեջ մտնել նման մտածողությամբ:

Ղազարյանն ասում է՝ Գյումրիում ընտրապայքարի մեջ մտած մեկ այլ թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանին լսելով էլ՝ զարմանում է, թե ինչի՞ վրա է վերջինս հույսը դրել և ինչո՞ւ է պարբերաբար իշխող ուժին թիրախավորելով ու ատելության խոսք տարածելով՝ փորձում ձայներ հավաքել:

Պատգամավորի խոսքով՝ փոխադարձ վիրավորանքների մեջտեղում թեկնածուները մոռանում են խոսել ծրագրերի մասին: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և անձամբ Սարիկ Մինասյանը, ըստ Ղազարյանի, գյումրեցիների հետ շփման արդյունքում գույքագրում է շատ խնդիրներ, որոնք մեծամասնություն կազմելու դեպքում կյանքի են կոչելու:

Ղազարյանի նկատառմամբ՝ փրայմերիզի միջոցով գյումրեցին արդեն մեկ անգամ ընտրել է Սարիկ Մինասյանին՝ «Քաղաքացիական պայմանագրին», այժմ էլ դրա համար կան մի շարք նախադրյալներ:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ