Սարիկ Մինասյանը իրեն զրպարտելու համար դատի է տվել և պահանջում է հերքել իր՝ ՀՀԿ-ական լինելու մասին կեղծ լուրը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Շիրակի մարզի դատարանն այն ստացել է ս.թ. մարտի 20-ին, հայցադիմումը մակագրվել է դատավոր Շուշանիկ Նիկողոսյանին։ Ըստ հայցի՝ Մինասյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել պատասխանող Արտյոմ Ղուկասյանին հրապարակայնորեն հերքել իր՝ Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03. 2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ կերպ՝ տեղադրել հայտարարություն, որի վերնագիրը շարադրել այսպես. «Ես՝ Արտյոմ Ղուկասյանս, հերքում եմ Սարիկ Մինասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում Սարիկ Մինասյանի վերաբերյալ իմ կողմից կատարվել են արտահայտություններ՝ այդ թվում Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Սարիկ Մինասյանին։ Սարիկ Մինասյանը երբևէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, հրապարակված դիմումը և անձնական թերթիկը չեն համապատասխանում իրականությանը և չեն ներկայացվել Սարիկ Մինասյանի կողմից»։ Հայցվորը պահանջում է նաև հայտարարությունը տարածել նույն եղանակով և լրատվության միջոցով, ինչ եղանակով և միջոցով տարածվել է իր վերաբերյալ զրպարտություն պարունակող արտահայտությունները՝ www.aravot.am կայքում, «Առավոտ» օրաթերթի ֆեյսբուքյան էջում և տելեգրամյան ալիքում բոլորի համար հասանելի և տեսանելի ձևով։

Նշենք, որ Ա. Ղուկասյանը Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավարն է։ Նա վերոհիշյալ թերթին տեղեկացրել էր, որ 2017 թվականին Մինասյանն անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։ «Նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նրան հեռացրել ենք կուսակցությունից, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ ենք կատարել, նա չի ներկայացել վերահաշվարկին»,- հայտնել էր Արտյոմ Ղուկասյանը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում հրապարակել փաստաթղթեր, որոնք կապացուցեն Սարիկ Մինասյանի՝ նախկին ՀՀԿ-ական լինելը։ Սարիկ Մինասյանը, նկատենք, իր ֆեյսբուքյան էջում կոշտ պատասխանել էր ՀՀԿ-ականներին՝ հերքելով ՀՀԿ-ական լինելու վերաբերյալ տարածված լուրերը։ «Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի. «Կանգ մի՛ առ, խայտառակվի՛ր մինչև վերջ»։ Ակնհայտորեն իրենց առաջադրած երկու կամ ավել թեկնածուներին սատարելու նպատակով Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է բոլորին՝ այդ թվում և ինձ, համոզել, թե ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։ Այդ էժան հերյուրանքը ես բնականաբար հերքեցի, և ահա հանրապետականները իրենց ողորմելի սուտը ճիշտ դարձնելու համար հրապարակել են իբրև թե իմ կողմից գրված ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Բանն այն է, սակայն, որ ամեն ինչում կեղծիքով առաջնորդվող կուսակցությունն այստեղ ևս իրեն չի դավաճանում։ Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)։

Բնականաբար սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։ Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել։

Հ.Գ. Պարոնայք հանրապետականներ, վստահ եմ՝ ձեր փողով առաջադրված թեկնածուներին աջակցելու այլ՝ ավելի արժանապատիվ եղանակներ կան, քան իմ մասին ստեր հորինելը։ Ամոթ է։

Ի դեպ, հաջորդիվ առաջարկում եմ հրապարակել նիստերից իմ մասնակցությամբ նկարներ, անդամավճարի փոխանցման մասին տեղեկություններ»,- գրել էր Մինասյանն ու կից ներկայացրել իր իրական և կեղծ ստորագրությունները։ Կեղծ ստորագրությունն, ի դեպ, առկա է Մինասյանի՝ իբրև թե ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումին կից։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ