![]()
Պաշտոնական Երևանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները:
Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծեց՝ այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չի լսվել:
«Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Պետք է շարունակել աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ. այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է ստորագրման ժամկետներին, ապա Միրզոյանը նշեց. «Այս պահին, այո, չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի: Մենք ուզում ենք մեկ անգամ ևս ասել՝ պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»:
![]()