Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն դրա 17 կետերի վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ, կանխագուշակումներ, երբեմն էլ անգամ «բաժակաճառեր» են հնչում:

Որոշ ընդդիմադիր պատգամավորներ ևս անհոգնել լծվել են այդ գործին և ամեն կերպ փորձում են խեղաթյուրել, կամ գոնե նվազեցնել համաձայնագրի կարևորությունն ու նշանակությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է, որ ընդդիմությունը այդ օրակարգով է գնացել Ազգային ժողով և հենց դրա հիման վրա է կարողանում ձայներ հավաքել ընտրության ժամանակ:

Խոսելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի այն հայտարարության մասին, որ թեև պայմանագրի կետերին ծանոթ չեն, սակայն լավ գիտեն Նիկոլ Փաշինյանին, որը, Մկրտչյանի բառերով ասած, աչքի է ընկնում «դավաճանությամբ» և «Հայաստանի ինքնիշխանությունը զիջելով», և որ իշխանություն լինելու պարագայում իրենք միանշանակ ամեն ինչ շատ ավելի լավ կանեին, Ղևոնդյանն ասում է՝ եթե նրանք լինեին իշխանության, Հայաստանը կլիներ ռուսական ուղեծրում, գուցե՝ նաև Բելառուսի կարգավիճակում:

Քաղաքագետը վերահաստատում է՝ համաձայնագրում կան կետեր, որոնք կարող էին ավելի լավը լինել, սակայն նաև չի կարելի անտեսել փաստը, որ կան կետեր, որոնք Հայաստանի համար այսօր ռիսկերի նվազեցում են ենթադրում:

Ղևոնդյանի խոսքով՝ ուզենք թե չուզենք իրականությունն այն է, որ Հայաստանը գոյություն ունի այն աշխարհագրական պայմաններում, որում գոյություն ունի նաև Թուրքիան և Ադրբեջանը, և մենք ստիպված ենք փոխգործակցել այս պետությունների հետ:

Խոսելով պատերազմի սկսման վտանգների մասին՝ քաղաքագետն ասում է՝ ընդդիմության մի հատված կա, որը փորձում է քաոսային էմոցիոնալ բարձր ազդեցության դաշտ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում և այդ դաշտում ինչ-որ հնարավորություններ ձևավորել և օգտագործել:

Ըստ նրա՝ որքան էլ այս պայմանագիրը փորձ է արվում ներկայացնել ի վնաս Հայաստանի, ի շահ Ադրբեջանի, իրականությունն այն է, որ դրա ստորագրումը այս պահին տորպեդահարում է Ադրբեջանը, քանի որ կարծում է, որ կարող է ստանալ ավելին:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ