Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժմանը և հայերի ուղղությամբ պլաստիկե շշեր, իրեր նետելու միջադեպին:
«Վրաստանի նախկին նախագահը ներողություն է խնդրել Հայաստանի ժողովրդից ֆուտբոլային հանդիպման ժամանակ մի քանի տասնյակ կասկածելի, ուղղորդված դեռահասների կողմից հայ երկրպագուների հանդեպ ցուցաբերած լածիրակության համար։ Վրաստանի ֆուտբոլային ֆեդերացիան ու նրա նախագահը որքան էլ իրենց գրառումներում չեն օգտագործել «ներողություն բառը», բայց «անընդունելի ու վիրավորական» են համարել արարքը։ Վրաստանի ֆուտբոլային երկրպագուների ակումբը հայտարարությամբ նույնպես ներողություն է խնդրել հայ մարզասերներից։ Մինչ դա բազում վրացի մարզասերներ, ֆուտբոլասերներ ու շարքային քաղաքացիներ կատարվածը դատապարտել էին, ամոթանք տվել ու ներողություն խնդրել։
Չնայած տհաճ միջադեպին, մի քանի տասնյակ անձանց անթույլատրելի վարքագիծը ձգան դարձավ «ինվենտարիզացնելու» հայ-վրացական հարաբերություններն ու գնահատելու ավանդական «ցածր ինտենսիվության» կոնֆլիկտը, և արդյունքները ոչ միայն մխիթարական են, այլ հուսադրող։
Մեր բավական վտանգավոր տարածաշրջանային միջավայրում վտանգավոր շռայլություն կլինի ոչ միայն մեզ թույլ տալ հակավրացական կրքեր գեներացնել, այլ թույլ տանք, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանն օգտվեն դրանից ու մարմանդ վառելիք լցնեն կրակին՝ եղբայր ձևավանալով վրացուն։ Դրան էլ հավելած այն, որ Հայաստանի ու Վրաստանի եվրոպական հեռանկարը որոշվելու կամ բացառվելու է նույն փաթեթով»,- գրում է Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ևս ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Վրաստանի հավաքականին ու պարտվել 6:1 հաշվով:
Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա և պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ: