Երբ ընդդիմությունը զգում է պարտության հոտը, դիմում է «թուրք»-ի օգնությանը

Առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչական արշավի ընթացքում էլ, փաստորեն, հնարավոր չեղավ խուսափել «թուրք» բառի հոլովումից՝ շահարկելով այդ բառի նեգատիվ ազդեցությունը հայ հասարակության սոցիալ-հոգեբանության, հույզերի վրա։

Տարիներ առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էր «թուրքի եթիմ» անվանել Արարատյան և Շիրակի դաշտի ժողովրդին, նախօրեին էլ մեկ այլ պրոդյուսեր՝ ծնունդով շիրակցի՝ լեննականցի Ռուբեն Մխիթարյանն է «թուրք» բառն արծարծել իր նախընտրական խոսույթում՝ նկատելով, թե Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին «թուրքերն ու ադրբեջանցիներն են», «իսկ գյումրեցիները տվյալ ազգությունների հետ կապ չունեն»։ Փաստորեն, ըստ սույն պերսոնի տրամաբանության, այն գյումրեցիները, որոնք սատարում են ՔՊ-ին, մարտի 30-ին էլ ընտրելու են ՔՊ-ին՝ ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանին, «թուրքեր ու ադրբեջանցիներ» են։ Պատվախնդիր գյումրեցիները, հուսանք, մարտի 30-ին համարժեք վերաբերմունք կցուցաբերեն իրենց ազգությունն ու էթնիկ պատկանելիությունը կասկածի տակ դրած «Իմ հզոր համայնք»-ի ու դրա ընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։

Նշենք, որ հակաթուրքական ուղերձով, պառակտիչ ու անհանդուրժողականություն քարոզող սույն խոսույթը նոր ֆենոմեն չէ հայաստանյան քաղաքական դաշտում։ «Թուրք» բառի գործածման միջոցով նողկանք, ատելություն արտահայտելու, միաժամանակ ահ ու սարսափ հարուցելու տեխնոլոգիան գործի է դրվել մասնավորապես 44-օրյա պատերամի ավարտից հետո, երբ քաղաքական բառապաշարն ուղղակի ներծծված էր ատելության խոսքով։ Այդ մթնոլորտում տեղի ունեցած 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, հիշեցնենք, ռևանշիստների խմբակը ՔՊ-ի հաղթանակը որակեց «թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակ»։ Երեք տարի առաջ այս օրերին տեղի ունեցած Դիմադրության շարժումը նույնպես այդ՝ հակաթուրքական ուղերձով էր, ավելին, դրա աջակիցները «թուրք» էին անվանում իրենց չմիացող քաղաքացիներին, շարժման կարգախոսներից մեկն էլ «թուրք Նիկոլ»-ն էր։ Հիշեցնենք, որ 2023-ին էլ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ՄԻՊ թեկնածու, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանն էր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ «թուրքաադրբեջանական» որակել 2018-ին տեղի ունեցած թավշա հեղափոխությունը, նրա այդ որակումից հետո սկանդալ ծագեց՝ թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ Հանձնաժողովում։

Հարկ է նկատել, որ Ռուբեն Մխիթարյանը միակ շիրակցին չէ, որ աչքի է ընկել իշխող ուժի էլեկտորատին թրքացնելու-ադրբեջանացնելու դատապարտելի վարքագծով։ Մեկ այլ շիրակցի էլ՝ ցավոք հոգևորական բարձր կոչում ունեցող՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, հիշեցնենք, 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը, երբ պարզ էր, որ ՔՊ-ն ձայների մեծամասնությունն է ստացել, իր ֆեյսբուքյան գրառմամբ մորմոքացել էր․ «Պլեբոսը հաղթեց Դեմոսին, Բնակիչը՝ քաղաքացուն, Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին,
վերջապես Բելը՝ Հայկին…»։ «Էրմենիստան»-ը Հայաստանն է՝ թուրքերեն արտասանությամբ։

Հոգևորականից բացի, նկատենք, «թուրք»-ի հոլովված ձևերի նկատմամբ առանձնակի թուլություն ունեն նաև որոշ քաղաքական գործիչներ՝ մանդատավոր ու անմանդատ։ Մի քանի մեջբերում անենք նրա «վայելուչ» խոսքից (նրանցից ոմանք, շեշտենք, այդ գրառումներն արել են մինչև պատգամավոր դառնալը)։ Խնդրո առարկա բառի գործածման գծով անվիճելի չեմպիոն է մասնավորապես ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, որի կուսակցության հովանավորությունն էլ, նկատենք, վայելում է քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Ահա Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումներից արված ծաղկաքաղը․ «ներքին թուրքեր», «թուրքի լաթ», «թուրքի տարաբնույթ ելուստներից սնվող և բավարարվող դավաճան վիժվածքի մակաբուծարանի ճիճուներ», «մեր երեխաների արյունը վաճառող թուրքի օղռաշ», «թուրքի բիզիմդիր», «թուրքի պրիվետի տակ մնացած ֆուցըն», «թուրքի «օչկո», «թուրքական լրտես», «թուրքի վիժվածքներ», «թուրքի խամաճիկ», «Made in Turkey ուսապարկեր», «թուրքի ոտքերի տակ քարշ եկող», «այ թուրքի չուլ»։

«5.000 զոհի պատճառ դարձած և Հայաստանի ինքնիշխանությունը մսխած «թուրքի կամակատար»», «թուրքի դեմը ծնկի եկած անկարող հողատու», «թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգ», «այ թուրքի առաջ «կզած» կապակցությունները, «Ճամփա եմ փակում, որ վաղը թուրքը ձեր տան դեմը չփակի», «Բաղրամյան պողոտա՝ առանց թուրքի Հայաստան լինելու է․․․»՝ սրանք էլ մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Էդուարդ Շարմազանովի մտքի «գոհարներն ու շափյուղաներն» են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ, երբ դեռ մանդատ չէր ստացել, հետպատերազմական շրջանի իր ստատուսներից մեկում, դիմելով իշխող խմբակցության կին պատգամավորին, մասնավորապես գրել էր․ «․․․Այ լիրբ, էս ի՞նչ սեր ա քո սերը թուրքի հանդեպ, էս ի՞նչ սեր ա, որ մինչև հիմա փաթաթում ես վզներիս, գնացեք ձեր թուրք յարերի հետ ապրեք, ռադ եղեք մեր կյանքից»։ Մեկ այլ գրաման մեջ էլ այսպես է արտահայտվել․ «Փաշաևը թուրք հրոսակների հետ մտավ մեր սրբոց Եռաբլուր, նա ուզում է մեզ երկրորդ անգամ ՍՊԱՆԵԼ, չենք մեռնելու, Փաշաե՛ւ, մենք դեռ Նեմեսիս ունենք…»։ Նրա մտքի փայլատակումներից է նաև «Թուրքը մնում ա թուրք!!!!!!!!!!» արտահայտությունը։ Տիկին Խամոյանը հրապարակել էր մեկ այլ իշխանական պատգամավորի լուսանկար և կից էլ գրել՝«վայելեք թուրքական գործակալներին»։

Ասպրամ Կրպեյանն էլ ՝ մեկ այլ հայաստանական պատգամավոր, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում «բնիկ Կարսեցու մտորումներ, ներում չկա» հեշթեգերի տակ գրել էր․ «թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի´ ընկերներ, ինձ սփոփելու կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն է»:

Ի դեպ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի կուրատոր, Ագնեսա Խամոյանի և Ասպրամ Կրպեյանի նախկին գործընկեր Անդրանիկ Թևանյանն օրերս դաշնակցապատկան կայքին տված հարցազրույցում կրկին դիմել էր «թուրք»-ի օգնությանը՝ գյումրեցիներին փորձելով վախեցրել Սիրիայի օրինակով։ «Գյումրին դառնում է աշխարհի կենտրոնը հիմա, որովհետև և Ամերիկան, և Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, բոլորը հետևելու են Գյումրիին, որպեսզի տեսնեն՝ դիմադրություն կա՞, թե չէ՞։ ․․․Մի մոռացեք, որ հենց Գյումրիում է տեղակայված մեր անվտանգային բազայի կարևոր բաղկացուցիչներից մեկը՝ ՌԴ 102-րդ բազան։ ․․․Եթե Գյումրիում ՔՊ-ն ինչ-ինչ մեխանիզմներով վերարտադրվեց, դա մեզ կբերի նույն վախճանին, ինչ ունենցանք Արցախի պարագայում։ Գյումրիում հիմա փորձարկում են Հայաստանի թրքացման սխեման։ Եթե գյումրեցիները պատասխանատու չվերաբերվեն այս ընտրություններին և քաղաքական առումով իրեենց հստակ վարքագիծը չդրսևորեն, իրենք ամբողջ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանը պատրաստ է Սիրիա դառնալու, իսկ Սիրայում գիտեք ինչ է անում Թուրքիան՝ մտնում են և կոտորում են, ցեղասպանություն են իրականացնում»։

Ահա այս մակարդակի, այս որակի, այս բարոյական նկարագրի տեր ընդդիմությունն է, որ փորձում է նորից վերարտադրվել՝ խաղալով հայ հասարակության էմոցիոնալ վիճակի, վախերի ու տագնապների վրա։ Այն պայմաններում, երբ իշխանափոխություն իրականացնելու փաստարկված պատճառաբանությունները բացակայում են, հերթական ընտրական գործընթացում էլ պարտության հոտն արդեն զգացնել է տալիս, ընդդիմությանն օգնության են հասնում «թուրք»-ն ու «Ադրբեջան»-ը։

Հ․Մանուկյան

328 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ