Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բժիշկները շաբաթ օրը հայտնել են, որ նա կիրակի դուրս կգրվի Հռոմի Gemelli հիվանդանոցից, որտեղ բուժվում է ավելի քան մեկ ամիս:
88-ամյա պոնտիֆիկոսը ապաքինվում է կրկնակի թոքաբորբից։ Բժիշկներն ասել են, որ նա այլևս հիվանդանոցային բուժման կարիք չունի, սակայն նրան պետք է առնվազն երկու ամիս հանգստանալ՝ լիովին ապաքինվելու համար:
Հիվանդանոցում գտնվելու հինգ շաբաթների ընթացքում Պապն ունեցել է «երկու կրիտիկական դրվագ», երբ նրա «կյանքը վտանգի տակ է եղել», ասել է նրան բուժող բժիշկներից մեկը՝ դոկտոր Սերխիո Ալֆիերին։
Այնուամենայնիվ, պոնտիֆիկոսը ինտուբացիայի չի ենթարկվել և ողջ ժամանակ մնացել է գիտակցության մեջ, հավելել է բժիշկը: Սուրբ հայրը դեռ լիովին չի ապաքինվել, բայց նա այլևս թոքաբորբ չունի, և նրա վիճակը կայուն է, ասվում է բժշկական եզրակացության մեջ։
Պապը հիվանդանոց է գնացել փետրվարի 14-ին։ Դրանից հետո նա չի երևացել հանրությանը՝ բացառությամբ Վատիկանի կողմից անցած շաբաթ հրապարակված մեկ լուսանկարի, որում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լուսանկարվել է հիվանդանոցի մատուռի զոհասեղանի մոտ մեջքով դեպի տեսախցիկը:
Սպասվում է, որ Հռոմի պապը կիրակի օրը հոսպիտալացումից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության մեջ՝ օրհնելով ներկաներին իր հիվանդասենյակի պատուհանից՝ նախքան Վատիկանի իր նստավայր գնալը: Բժիշկները պոնտիֆիկոսին խորհուրդ են տվել խուսափել մարդկանց մեծ խմբերի հետ հանդիպելուց մինչև նրա ապաքինման ավարտը։
Վատիկանը ուրբաթ օրը հրապարակված տեղեկագրում ասել է, որ պապի վիճակը շարունակում է բարելավվել: Սակայն կարդինալ Վիկտոր Ֆերնանդեսը նշել է, որ Պապը երկարատև թթվածնային թերապիայից հետո ստիպված կլինի «կրկին սովորել խոսել»։
Դա հաստատել է նաև բժիշկ Ալֆիերին, ով հայնել է, որ երկկողմանի թոքաբորբով հիվանդները կորցնում են իրենց ձայնը, և «հատկապես տարեց մարդկանց մոտ ժամանակ է պահանջվում, որպեսզի ձայնը նորմալանա»։
Կարդինալ Ֆերնանդեսը հերքել է այն ենթադրությունները, որ պոնտիֆիկոսը կարող է հետևել իր նախորդ Բենեդիկտոս XVI-ի օրինակին և հրաժարվել գահից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 12 տարի ղեկավարել է կաթոլիկ եկեղեցին։ Պատմության մեջ պապերի մեծ մասը ցմահ կառավարել է՝ շարունակելով կատարել իրենց պարտականությունները նույնիսկ մինչև խոր ծերություն կամ ծանր հիվանդություն: