Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Այ եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։
Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել և հիասթափություն առաջ բերել»,- ասել է վարչապետը: