Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ

Տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի և Հայաստանը դա իմանալով կանխեց՝ համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին: Եվ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին և դրանից հետո, անակնկալի գալով, հիմա փորձում է հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը մտադի՞ր է ստորագրել այս պայմանագիրը, թե՞ ամեն ինչ անելու է, նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրեն ուղղված հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ես կարծում եմ ճիշտ չէ, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանն այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։

Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։

Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց-Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ