Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման: Պետք է ստորագրվի, և ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով, սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է երկու երկրներում այլևս դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։

Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը մի քանի օր է՝ օրվա մեջ մի քանի անգամ կեղծ հայտարարություններ է տարածում, թե հայկական կողմը կրակոցներ է արձակում իր ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը անմիջապես հերքում է այս հայտարարությունները՝ շեշտելով, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ