Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Այս հարցը ինքնին արհեստական է և խնդրահարույց։ Քանի որ խաղաղության հայաստանյան ընդդիմախոսները հռչակել են, թե խաղաղության համաձայնագիրը զիջումների մասին փաստաթուղթ է, նրանք ընդունակ չեն ընկալելու, որ այստեղ խոսքը միայն երկկողմանիորեն ընդունելի պայմանների մասին է։ Նրանք անպայման ուզում են «զիջում» վերնագրի ներքո տեղավորել այս կամ այն կետը, որովհետև նրանց տրամաբանությունը շարունակում է մնալ «հաղթելու» և «պարտվելու» մասին, ոչ թե խաղաղության։
Ընդունելով հանդերձ, որ համաձայնագրի բոլոր դրույթները հավասարապես վերաբերելի են երկու կողմերին՝ խաղաղության ընդդիմախոսները պնդում են, որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում։ Այսպես, օրինակ, ընդդիմախոսները պնդում են, որ Հայաստանը, հրաժարվելով սահմանին երրորդ երկրների տեղակայումից «զիջում է իր սուվերենությունը»՝ բաց թողնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես «զիջում է իր սուվերենությունը»։ Տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների անխախտելիությունը, ուժի կիրառման բացառումը, մյուս բոլոր հրապարակային հայտարարված դրույթների երկկողմանի ընդունումը Հայաստանի՞ զիջումն է, Ադրբեջանի՞, թե՞ երկկողմանի համաձայնություն։
Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է այն պնումը, թե համաձայանագրով միայն Հայաստանն է զիջում, քանի որ եթե Ադրբեջանը ոչինչ չի զիջում, երբ համաձայնում է 17 դրույթներին, որոնք նույնությամբ և՛ իրեն են վերաբերում, և՛ Հայաստանին, ուրեմն՝ խաղաղության ընդդիմախոսները դրանով հաստատում են, որ Հայաստանը ելակետային ավելի լավ դիրքերում է։ Երկկողմանի համաձայնության պարագայում «զիջում» կարող է պիտակվել միայն այն համաձայնությունը, որում երկու համաձայնողներից մեկը իր ուժեղ դիրքերից հետ է կանգնում՝ հանուն հավասար պայմանների։ Ժամանակն է, որ մեր ընդդիմախոսները կողմնորոշվեն՝ Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է և, ընդունելով երկկողմանի զիջումները, ավելի՞ է թուլացնում իր դիրքերը, թե՞ Հայաստանը «թույլի դիրքերից է բանակցում» և, հետևաբար, ձեռք բերելով համաձայնություն, որտեղ երկու կողմերն էլ հավասարապես ընդունում են պայմանները, ուժեղացնում է իր դիրքերը։
Ի՞նչ լուծում ունեն խաղաղության ընդդիմախոսները։ Նրանք հայտարարում են, որ ուզում են իշխանություն։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, սա նույնպես սուտ է։ Նրանք չեն պատասխանում հարցին, թե իշխանության գալուց հետո իրենք ստորագրելո՞ւ են համաձայնագիրը, թե՞ չեն ստորագրելու։ Եթե նրանք չստորագրեն պայմանագիրը, նրանք կդառնան պատերազմի հրձիգներ։ Եթե ստորագրեն՝ հետ կկանգնեն իրենց «անզիջում» դիրքերից։ Նրանք դա շատ լավ հասկանում են։ Ուստի պատասխանը շատ պարզ է․ նրանք չեն ուզում իշխանություն։ Նրանք գերադասում են մնալ քաղաքական պատասխանատվությունից զերծ, քննադատական դիրքում, որտեղ չեն պարտավորվում կոնկրետ որոշումներ կայացնել, սակայն պահպանում են «դավաճան» գոռալու իրավունքը: Այս մարտավարությունը թույլ է տալիս միաժամանակ պահպանել թե՛ «հայրենասերի» իմիջը, թե՛ խուսափել դժվար որոշումների պատասխանատվությունից։ Սա է այն առավելագույն դերը, ինչի համար միմյանց դեմ մրցում են ընդդիմադիր ճամբարները․ թե նրանցից ո՛վ կնվաճի ավելի բարձր «դավաճան» գոռալու իրավունքը։
Ընդդիմությունը, այսինքն՝ նախկին իշխանությունները, չեն ուզում ստանձնել քաղաքական պատասխանատվություն, այլապես նրանց կեցվածքը այլ կլիներ, նրանք երբեք ի վիճակի չեն եղել գնալ լուծումների, հիմա էլ ի վիճակի չեն, նրանց հարմարավետության գոտին «դավաճան» գոռալն է։
Երբ ընդդիմադիրներների փորձագետներից մեկն ասում է, որ պետք է գտնեն միջազգային դերակատարներ, որոնք դեմ են համաձայանգրի ստորագրմանը նրանք չեն էլ նկատում, որ իրենց «միջազգային գործընկերը» այս հարցում միայն Ադրբեջանն է, որովհետև մնացած բոլոր դերակատարները՝ ՀԱՊԿ-ից մինչև ՆԱՏՕ, Արևմուտքից մինչև Արևելք, Ռուսաստանից մինչև ԱՄՆ, բոլորը արդեն հայտնել են իրենց աջակցությունը այս գործընթացին՝ թողնելով հայաստանյան ընդդիմության ու Ադրբեջանին կոնսենսուսի հակառակ կողմում։
Այսպիսով, երբ խոսում ենք այս կոնսենսուսի մասին, հարց է առաջանում՝ ո՞վ է իրական ազգային շահերի պաշտպանը. նա, ով ձգտում է կայունության և տևական խաղաղության, թե՞ նա, ով գտնվում է նույն բարիկադի մյուս Ադրբեջանի հետ՝ խոչընդոտելով այդ գործընթացը