ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ

Թուրքական «Global Panorama» պորտալում հրապարակվել է թուրք դիվանագետ Ֆաթիհ Ջեյլանի «Հարավային Կովկասում ծաղկող խաղաղության հույսը» վերնագրով հոդվածը։

Ինչպես գրում է Ermenihaber.am-ը, հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներքին ընդդիմության և սփյուռքի ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է որդեգրել ռեալիստական մոտեցում։ Նա ձգտել է դուրս բերել Հայաստանը անցյալի կաշկանդող գաղափարական շրջանակներից և ապահովել երկրի զարգացման նոր ուղի։ Նա Ադրբեջանի հետ մնայուն խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձրել է օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունը։

«Հայաստանի պարտությամբ ավարտված ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը, չնայած ներքին քաղաքական դժվարություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին իրատեսական հեռանկարով մոտենալու ունակություն է դրսևորել: Երկկողմ և բազմակողմ շրջանակներում այս իրատեսական տեսանկյունին համապատասխան դիրքորոշում է որդեգրել: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը, չի խուսափել Հայաստանի հետ խաղաղությունը վտանգի տակ դնելուց՝ շրջանառության մեջ դնելով կոշտ հռետորաբանություն, որը կարող է խափանել Թուրքիայի՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը»,- նշում է հոդվածի հեղինակը։

Հոդվածի «Ի՞նչ պետք է անի Թուրքիան» ենթաբաժնում հեղինակը նշում է, որ «Թուրքիան պետք է աջակցի Հայաստան-Ադրբեջան գործընթացի առկա տեմպին բոլոր կողմերով և պետք է առավելագույն ջանք գործադրի համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար: Այս համատեքստում պետք է անպայման ձեռնարկի համաձայնագրի ստորագրմանը հյուրընկալելու նախաձեռնություններ։

Գոյություն ունեցող խաղաղության հիմքն ամրապնդելու նպատակով Թուրքիան պետք է հայտարարի Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու մասին և առանց ժամանակ կորցնելու պաշտոնապես հայտարարի, որ աջակցում է երկու երկրների միջև կարգավորման գործընթացին: Այս շրջանակում, փոխադարձ համաձայնության հիման վրա, պետք է ստանձնի երկու երկրներում դեսպանություններ բացելը, հետևաբար պաշտոնական և բաց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Վերջում հեղինակը ավելացնում է, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը կարող է լավ հնարավորություն ստեղծել Թուրքիայի համար՝ ուժեղացնելով իր ազգային շահերը, հատկապես տարածաշրջանում և դրանից դուրս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ