ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, մարտի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով Վանաձորում ոստիկանների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձի վերաբերյալ հանրային հնչեցություն ստացած դեպքին, պարզաբանել է, թե ինչպես է ԼՂ-ից տեղահանված այդ անձը, որը հաղորդում է ներկայացրել, թե Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն շարունակաբար ծեծի են ենթարկել, հայտնվել ոստիկանության տեսադաշտում։
«Սա կարծես թե ոչ մեկի հետաքրքրության տիրույթում չհայտնվեց, կամ մարդիկ չցանկացան նաև այս դրվագին անդրադառնալ, բայց խոսքը ԼՂ-ից տեղահանված մեր մեկ այլ հայրենակցի վրա ավազակային հարձակման մասին է, որտեղ տանը եղել են մի կին և անչափահաս երեխաներ, կատարվել է ոսկյա իրերի հափշտակություն։ Ես հետամուտ եմ լինելու, որ ԼՂ-ից տեղահանված մեր տվյալ հայրենակցի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի, և բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծել է Սարգսյանը։
ՆԳ նախարարը նաև անդրադարձել է խոշտանգման այս դեպքի մասով շրջանառված լուսանկարին, որով փորձ կատարվեց այն վերագրել այս դեպքին, որտեղ ոստիկանության տվյալ բաժնից թևանցուկ մի անձի են դուրս բերում։
«Չնայած որ մենք հերքեցինք հանրայնորեն, որ այս լուսանկարը կատարված է մի քանի տարի առաջ և բացարձակ կապ չունի դեպքի հետ, բայց դեռևս շարունակվում է այս լուսանկարը կապվել այս իրադարձության հետ և պնդել, որ անձը տվյալ վիճակում է եղել։ Սա հարցադրում եմ հնչեցնում, ինչո՞ւ։ Ինչո՞ւ է այս դեպքի հետ կապվում մի իրադարձություն, որն այս դեպքի հետ կապ չունի։ Այս դեպքի մասով համացանցում տարածվեց մեր երկու ծառայողների լուսանկարները։ Պիտի փաստեմ, որ ծառայողներից մեկը մի քանի օր առաջ մեկ այլ հանցագործության բացահայտման, մեկ այլ հանցանք կատարած անձի նռնակով վնասազերծման դեպքի շրջանակներում, վտանգելով իր կյանքը, ստացել է վնասվածքներ և հայտնվել հիվանդանոցում։ Հիմա, որպես նախարար, իմ հարցադրումը հետևյալն է․ ոստիկանության ծառայողը կարո՞ղ է օրեր առաջ ոստիկանին բնորոշ պատշաճ վարքագիծ դրսևորել՝ պահպանելով օրենքը և ապահովելով այլ անձանց անվտանգությունը, և օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի»,- ասել է նախարարը։
Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ այս հարցի պատասխանը պետք է տա քննությունը։
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե, իբր, ոստիկանության բաժանմունքից ծեծված անձի են տեղափոխում հիվանդանոց: ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ տեսանյութը հին է, և արվող մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կառույցից կոչ էին արել զերծ մնալ հասարակությանը մոլորեցնող և մանիպուլացնող գործելաոճից: