Գերիների և անհայտ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն

Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին 2 երկրների՝ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպմանը։

«Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,-ասաց Արմեն Աբազյանը։

Նա այլ մանրամասներ չհայտնեց, քանի որ դրանք որոշակի գաղտնիություն է պարունակում։

«Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը ստանան»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ 2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ