Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղվել» է Միրզոյանի՝ գերիներին ազատ արձակելու մասին խոսքերից և յուրովի մեկնաբանել դրանք

Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է մարտի 20-ին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսում վերջինիս հնչեցրած մտքերին:

Գերատեսչությունը, չափազանց «նեղվելով» Բաքվում ապօրինաբար պահվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին ազատ արձակելու մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերից, սեփական հորինվածքներին հավատարիմ, յուրովի է մեկնաբանել դրանք:

Արարատ Միրզոյանը, հիշեցնենք, Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին, ասել էր, որ եթե խաղաղությունը տարածաշրջանում պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։

«Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»,- ասել էր նախարարը:

Ի պատասխան, Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը, չհրաժարվելով ագրեսիայի քարոզից, նշել է բառացիորեն հետևյալը. «Ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող կամ դատապարտված հայազգի բանտարկյալներին ազատ արձակելու կոչերին ի պատասխան՝ մենք ընդգծում ենք, որ Ժնևի կոնվենցիաներին, միջազգային և ներքին իրավունքին համապատասխան՝ հանցագործությունները հետաքննելն ու հետապնդելը Ադրբեջանի անքակտելի իրավունքը և պարտավորություն է»:

Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարություն է անում այն պարագայում, երբ որևէ միջազգային կառույցի կամ պետության կողմից չի հաստատվել կամ մատնանշվել հանգամանքը, թե Բաքվում ապօրինաբար պահվող և կեղծ դատավարություններով անցնող անձինք մարդկության դեմ այնպիսի հրեշավոր հանցագործություններ են կատարել, ինչպիսիք ադրբեջանական մտքի թռիչքով թելադրված պնդումներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ