Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ստահոդ լուր է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:
Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը հանգիստ ես։
«Կրակոցների դեպքերի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածում։ Իսկ մեզ մոտ մարդիկ իրենց գործերով են զբաղված, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն՝ որևէ բան եթե եղած լիներ, անհանգստություն կլիներ մարդկանց շրջանում»,- մանրամասնել է նա։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Կառույցից վստահեցրել են, որ հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում գերատեսչությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն պարունակող գրառումները սահմանված կարգով բազմակի ճշգրտումներից հետո հերքում են:
«Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրության մեջ: